5 րոպեն մեկ վիրուսի ախտանիշներով հիվանդներ են դիմում․ ինչպես են վարակվել «Գյումրի» ԲԿ-ի ...




«Գյումրի» բժշկական կենտրոնի բուժաշխատողներից շուրջ երկու տասնյակը վարակվել է կորոնավիրուսով, շուրջ 30-ը մեկուսացված են։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը՝ նշելով, որ հիվանդանոցը, թեեւ չի զբաղվում կորոնավիրուսով հիվանդների մասնագիտացված բուժմամբ, բայց վերջին ամսվա ընթացքում մեծ թվով մարդիկ են դիմում վիրուսի ախտանիշներով, կամ այնպիսիք, որ հետո է պարզվում, որ վարակակիր են եւ այդպես վարակը տարածվել է բուժանձնակազմի շրջանում։

«Մենք նախ ստեղծել էինք միջանկյալ բաժանմունք, որտեղ պետք է պլանային վիրահատությունններից առաջ տեսակավորում կատարեինք, որ կարողանայինք տեսնել՝ որին կարող ենք վիրահատել, որին՝ ուղարկել կորոնավիրուսով զբաղվող մասնագիտացված հիվանդանոց։ Այդպես մեր այդ մեկուսարանում սկսեցին գտնվել այն հիվանդները, որ նմուշառվել են, բայց պատասխանը դեռ չունեն, որ դիմեն այլ հիվանդանոց, ըստ այդմ երբ վատացել է իրենց ինքնազգացողությունը, դիմել են մեզ՝ որպես բազմապրոֆիլ հիվանդանոց։ Եվ քանի որ պոլիկլինիկաներում ժամը 5-ից հետո հետազոտություն չեն անում, շատերն են երեկոյան գալիս մեզ մոտ, 5 րոպեն մեկ կարող է գան։ իսկ ժամը 12-ից հետո թեստավորում չանելու հետեւանքով էլ, պատահում է, որ պացիենտը մեզ մոտ մնում է մեկ երկու օր՝ մինչեւպատասխանը ստացվում է ու դրականի դեպքում մասնագիտացված հիվանդանոց, կամ ծանր դեպքերում՝ Երեւան տեղափոխվում։ Երբ հիվանդները շատացան, Գյումրիի ինֆեկցիոնում բավարար թթվածնային սարքեր չլինելու պատճառով մեզ մոտ էին մնում հիվանդները մեկ-երկու օր, մինչեւ տեղ էր ազատվում, կամ նույնը Երեւան տեղափոխվողների դեպքում, երբ գերծանրաբեռնված են լինում հիվանդանոցները։ Այդպիսով ստացվում է, որ մենք մանսագիտացված չենք, բայց բուժում ենք ակնհայտ վիրուսի ախտանիշներով պացիենտների հիվանդության որոշ փուլում։ Ծայրահեղ ծանր հիվանդներ են գալիս, որ կարող է մահանան, հետո միայն պարզվի, որ դրական է իրենց մոտ»,- նշեց տնօրենը։

Տնօրենի խոսքով՝ թեեւ բուժանձնակազմը հատուկ արտահագուստով է սպասարկում կասկածելի հիվանդներին, բայց վարակման դեպքեր գրանցվել են։ Առաջինը վարակվել են բուժաշխատողներ, որոնք շփվել են ինսուլտով ախտորոշված հիվանդի հետ, որը, սակայն, հետո պարզվել է, որ կորոնավիրուս ունի։ Գրանցվել է նաեւ դեպք, որ հիվանդին վիրահատեն, բայց օրեր անց վարակը հաստատվի նրա մոտ։ Այդպիսով վարակվել է նաեւ երկու անասթեզոլոգ, ինչի հետեւանքով հիմա հիվանդանոցում պլանային վիրահատությունների խնդիր կա, իսկ դա էլ իր հերթին ֆինանսական միջոցների սղության է տանում այն դեպքում, երբ վիրուսի աշխտանիշներ ունեցող հիվանդներին մի քանի օր պահելու համար հիվանդանոցը օգտագործում է սեփական ֆինանսական միջոցները։

«Այժմ նեղ մասնագետների՝ անասթեզոլոգների կարիք ունենք, փորձում ենք մինիմալ դարձնել, չենք անում պլանային վիրահատություններ, դա էլ ֆինանսական հոսքն է կրճատում։ Իսկ մարդիկ, որ դիմում են, շատ ժամանակ գումար չեն ունենում, մենք չենք ստիպում, այդ ամենի համար ֆինանսական միջոցներ են ծախսվում, դրան գումարած՝ միջանկյալ բաժանմունքի բուժաշխատողների արտահագուստը, որ էլի մեր միջոցներով ենք ձեռք բերում»,- ասաց տնօրենը։

ԲԿ տնօրինությունը դիմել է առողջապահության նախարարություն այն առաջարկով, որ բժշկական կենտրոնը օրինական կարգով ընդգրկվի համավարակի դեմ պայքարում, ինչի արդյունքում ռեանիմացիոն երկու տասնյակից ավելի մահճակալներ կավելանան, իսկ հիվանդանոցը կֆինասավորվի հիվանդների ընդունելու համար։ Առայժմ այդ հարցը դեռ քննարկման փուլում է։