30 տարի առաջ ընդունված Անկախության հռչակագրի արժեքը գնահատելու համար պետք է գիտակցել մի քանի խոր...




ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«30 տարի առաջ ընդունված Անկախության հռչակագրի արժեքը գնահատելու համար պետք է գիտակցել մի քանի խորքային փաստ.

- Հռչակագիրը ընդունվել է Ալբանիայից Հյուսիսային Կորեա տարածվող ամբողջատիրական կոմունիստական ճամբարում կոմունիստներին առաջիններից մեկը ընտրություններով քշած Հայաստանի առաջին ժողովրդավարական խորհրդարանի կողմից

- Դա տեղի է ունեցել Խորհրդային Միության դեռ բավականին կուռ պետական ճնշիչ ապարատի գոյության պայմաններում (ԽՄԿԿ, խորհրդային բանակ, ԿԳԲ և այլն)


- Հռչակագրի ընդունումը տեղի է ունեցել թափ առնող ղարաբաղյան հակամարտության, Ադրբեջանի կողմից կազմակերպված շրջափակման և խորհրդային իշխանությունների կողմից պատժիչ գործողությունների սպառնալիքների պայմաններում

- Նման մարտահրավերների պայմաններում բացառիկ կարևորություն ուներ այն փաստը, որ փաստաթուղթն ընդունվեց բացարձակ կոնսենսուսի հիման վրա (վերջնական տարբերակն առանց որևէ դեմ կամ ձեռնպահ ձայների)

- Դրանով նշանավորվեց որևէ ազգի պատմության համար հազվագյուտ ազգային համաձայնության այն պատմական պահը, որն անհրաժեշտ է ինքնիշխան պետության հիմնադրման և հետագա պետականաշինության անդրդվելի հիմքն ստեղծելու համար և Հայաստանի համար իր նշանակալիությամբ կարող է համեմատվել Ամերիկայի համար 1776 թվականի անկախության հռչակագրի կարևորության հետ (ի դեպ, անկախությունից ի վեր Ամերիկան ունեցել է բազմաթիվ կոռումպացված նախագահներ և ձախողումներ, անգամ քաղաքացիական ավերիչ պատերազմ, բայց ամերիկյան ոչ մի ղեկավար, անկախության հռչակագրի առիթով սեփական ժողովրդին շնորհավորելիս, իր ուղերձն այդ ձախողումներին չի նվիրում)


- Ազգային այդ համաձայնությունը թույլ տվեց հաղթահարել Հայաստանի և Արցախի գոյության սպառնալիքները և մարտահրավերները, այդ թվում, Ադրբեջանի և Խորհդային Միության համատեղ պատժիչ գործողությունները Հայաստանի և Արցախի դեմ, անցում կատարել ժողովրդավարությանն ու շուկայական տնտեսությանը, ապահովել ներքաղաքական կայունությունը և հաղթել ղարաբաղյան պատերազմում։

Հայաստանի սիրելի քաղաքացի, շնորհավո՛ր Անկախության հռչակագիրը, որի իրականացման համար դու գնացել ես բազմաթիվ զրկանքների հանուն ազգային հարատևման և սերունդների ապագայի և հաղթանակած ես դուրս եկել»։