Վլադիմիր Գասպարյանի պաշտպանական թիմը կբարձրացնի նախկին ոստիկանապետի բնակարանային անձեռնմխելիության..



ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» ռ/կ լրագրողի միջադեպի վերաբերյալ քրեական գործը թյուրիմացություն է. այստեղ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գասպարյանի փաստաբանական խմբի անդամ Զորայր Հարությունյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին «Ազատություն» ռ/կ-ն հայտարարել էր, որ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է իրենց լրագրողների մասնագիտական գործունեությանը, մասնավորապես, Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս Վլադիմիր Գասպարյանը պահանջել է, որ չնկարահանեն իր տունը, ապա մեքենան վարել լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել»,«սատկացնել»։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով։ Գործով նախաքննությունն իրականացվում է ՔԿ-ում։

Փաստաբանը նշեց, որ նկարահանումներն իրականացվում էր Սևանի ավազանի տարածքում ապօրինի շինությունների վերաբերյալ, մինչդեռ՝ Վլադիմիր Գասպարյանին պատկանող շինությունն ապօրինի չէ, հետևապես՝ դա իրենց նպատակներից դուրս էր և հայտնի չէ, թե ինչու են նկարահանել այդ տունը։

«Որպես դրա հետևանք՝ լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտում լինել չի կարող»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ընդհանրապես խոչընդոտում չի եղել և անձինք, ովքեր ներկա են եղել և կոնտակտի մեջ են եղել Վլադիմիր Գասպարյանի հետ, միանշանակ չէ՝ նրանք լրագրող են, թե ոչ։

Բացի այդ՝ Հարությունյանն ընդգծեց, որ խնդիրը պետք է դիտարկել նաև բնակարանային անձեռնմխելիության իրավունքից բխող հետևանքների տեսանկյունից։

Փաստաբանը գտնում է, որ պետք է քննարկվեր ոչ թե լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու արարքի առկայության կամ բացակայության հարցը, այլ՝ անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտված լինել-չլինելու հարցը։

«Այսինքն՝ արդյո՞ք բնակարանի ապօրինի մուտք եղել է, թե ոչ, արդյոք ապօրինի հավաքվել են անձնական տվյալներ, թե ոչ։ Այս հարցերը պետք է քննությունը բարձրացնի»,- ասաց Հարությունյանը։

Անդրադառնալով լրատվամիջոցի տարածած հայտարարությանը՝ փաստաբանն այն կասկածելի համարեց՝ փաստական հիմքի մասով, քանի որ հայտարարությունում տեղ գտած արտահայտությունները, գնահատականները և որպես եղելիություն ներկայացվելիքը, ըստ փաստաբանի, մեծ հաշվով աղերս չունի իրականության հետ։ Փաստաբանի խոսքով՝ կբարձրացնեն բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման հարցը, իսկ թե ՔԿ-ն ինչ գնահատականի կարժանացնի այդ հանգամանքը, ըստ փաստաբանի, ժամանակը ցույց կտա, սակայն Վլադիմիր Գասպարյանը պատրաստակամ է համագործակցելու նախաքննական մարմնի հետ և մանրամասնորեն տեղեկացնել դեպքի հանգամանքները։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո