2020 թվականի երկրորդ եռամսյակում Գերմանիայի ՀՆԱ-ն կրճատվել է ռեկորդային 10,1 տոկոսով



Կորոնավիրուսի համավարակի ֆոնին Գերմանիայի տնտեսության անկման չտեսնված տեմպեր են գրանցվել 2020 թվականի երկրորդ եռամսյակում: Ապրիլից հուլիս երկրի ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատությամբ կրճատվել է 10,1 տոկոսով: Այս մասին վկայում են Գերմանիայի Դաշնային վիճակագրական գերատեսչության նախնական տվյալները, որոնք հրապարակվել են հուլիսի 30-ին:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գերմանական տնտեսության անկումը կազմել է 11,7 տոկոս: Նկատելիորեն կրճատվել են ապրանքների եւ ծառայությունների արտահանումն ու ներմուծումը, քաղաքացիների սպառողական ծախսերը, ինչպես նաեւ սարքավորումների մեջ ձեռնարկությունների ներդրումները: Ներկայիս անկումն աննախադեպ է 1970 թվականին ամեն եռամսյակ ՀՆԱ-ի հաշվարկ սկսելու պահից ի վեր, փոխանցում է DW-ն: 

Նույն օրը մի շարք գերմանական ընկերություններ հրապարակել են կիսամյակային հաշվետվությունները՝ գրանցելով ահռելի վնասներ: Այսպես՝ Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնը աչքի է ընկել իր պատմության մեջ խոշորագույն վնասով՝ 3,7 մլրդ եվրո: Volkswagen ավտոմեքենաշինական կոնցեռնի վնասները կազմել են 1,4 մլրդ եվրո:

Ընդ որում՝ տնտեսագետները Գերմանիայի տնտեսության վերականգնման մեկնարկ են ակնկալում արդեն այս տարվա երկրորդ եռամսյակում, եթե COVID-19-ով վարակումների թիվը չսկսի աճել: Այդ թվում՝ Գերմանիայի կառավարության ընդունած կոնյունկտուրայի խթանման մասշտաբային միջոցառումների շնորհիվ: Գերմանիայի իշխանությունները կհատկացնեն շուրջ 130 մլրդ եվրո, մասնավորապես սպառողական պահանջարկի աջակցության համար: Բայց անգամ բոլոր միջոցառումները հաշվի առնելով, պատմական անկման լիակատար փոխհատուցման համար կարող է պահանջվել մոտ 2 տարի, հայտնում է dpa գործակալությունը: