ՄԻԹԵ ԱՅՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ ՄԻՆՉԵՒ 2050 ԹՎԱԿԱՆ․ ՆԻԿՈԼ...


Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշեց Մատենադարանում ներկայացնել մինչև 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարությունը։ Բացատրեց, թե ինչու այդպես ։

«Որպեսզի քաղաքական շահարկումներից զերծ մնանք, կարող է հարց ծագել, թե ինչու է այս կառավարությունը ներկայացնում 2050 թվականի ռազմավարություն։ Միթե սա նշանակում է, որ կառավարությունը համարում է, որ այս մեծամասնությունը․․․ այս կառավարությունը անխուսափելիորեն պիտի գոյություն ունենա մինրչև 2050 թվականը։ Իհարկե ոչ, որովհետև մենք այդ ռազմավարությունը ընկալում ենք որպես համազգային շարժում»։


Ուղղակի շատ կարևոր է ունենալ տեսլական ու ռազմավարություն։ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու է անհրաժեշտ ունենալ այդպիսի  ռազմավարություն, ու տպավորություն է, թե նորից թափանցիկ ակնարկներ եղան Լևոն Տեր-Պետրոսյանի ուղղությամբ, քարեր նետվեցին նրա   «բոստանը», քանի որ Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Այս հարցին կփորձեմ պատասխանել այսօրվա տեսակետից, եկեք այսօրվա իրականությանը նայենք 30 տարի առաջվա աչքերով, արդյոք մենք այն ժամանակ մեր մտապատկերում ձևակերպել ենք միտք, թե ինչպիսին ենք պատկերացնում Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականին։ Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր իրականության մեջ առնվազն պետական մակարդակով այդպիսի ռազմավարություն չի եղել»։

Նշենք, որ սա հենց այն ժամաակահատվածն է, որ ուղիղ համընկնում է Տեր-Պետրոսյանի ու իշխանության եկող ՀՀՇ-ի պաշտոնավարման մեկնարկին։

Ինչևէ․ հետո բացատրեց՝ պատկերացրեք՝ այդ 30 տարին սեղմում ենք 1 օրվա մեջ, առավոտյան արթնանում ենք, և այդ «մեկ օրը չգիտենք՝ ուր գնալ»։ Չգիտենք մեր անելիքը։ Փաստորեն, կմնանք նույն կետի վրա ու կհայտնվենք տեղապտույտի մեջ։ Նիկոլ Փաշինյանը ձևակերպել է իր հարցը՝ ուր ենք գնում, ինչ ենք ուզում,ինչպիսին ենք պատկերացնում մեր հայրենիքը 2050 թվականին։  Նա ռազմավարության գործնական նշանակությունը ցույց տվեց տարբեր աղյուսակների կառուցվածքի մեջ․ գաղափար, տեսլական, գործողություն։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այս պահից սկսված կառավարության ցանկացած գործողություն պետք է միտված լինի ներկայացված տեսլականի իրագործմանն ուղղված գործողություններին։

Համազգային շարժումը ներառում է պետական հաստատությունների առաջնորդություն, մասնագիտական շրջանակների ներգրավում և ժողովրդի լայն մասնակցություն՝ այսինքն՝ ռազմավարությունը մարդիկ իրենցը պետք է համարեն ու մի օր Հայաստանը հասնի թռիչքաձև զարգացմամբ։  

14 առաջնորդող արժեքներ,որոնք պետք է գործառնական նշանակություն ունենան այդ ռազմավարությունն իրականացնելիս․ հայոց պետականություն՝ միակ գործիք, որը մեզ հնարավորություն է տալիս մեր ճակատագրի վերաբերյալ կայացնել որոշումներ, կրթություն, անհատ՝ որպես միակ սուբյեկտ ,որը ձևավորում է ընտանիք, հանրություն և պետություն, և վերջապես՝ աշխատանք։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի «լայվին» կից «չաթում» բավական շատ կոշտ և հրապարակման համար ոչ ենթակա գրառումներ են, որոնցից  միայն այս մեկն ենք առանձնացրել․«Պարոն Փաշինյան, ավելի լավ կլիներ աշխատատեղեր շատ բացեիք, որ այսօր մարդիկ աշխատանք ունենային, մինչև կենսաթոշակի հասնելը աշխատեին, մարդ կա՝ միայնակ է ապրում և ոչ մի օգնող չունի»։