2020 թ. ազգային անվտանգության ռազմավարությունում տեքստից հանվել է «ազգային եկեղեցի» ձևակերպումը....



Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ազգային օբյեկտիվ կարգավիճակն արտահայտող ձևակերպման բացակայության` որպես ինքնին հակասահմանադրական լռության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել «Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո» հասարակական կազմակերպությունը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.


Հայ ժողովրդի ազգային հոգու և գիտակցության խորքերում որպես ազգային արժեք եղել է և շարունակելու է լինել դարերով պետականությունից զրկված մեր ժողովրդի համար ազգային գաղափարախոսության կրողը` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, այն ազգային ինքնության հենասյուներից մեկն է, ինչպես մեր լեզուն, մշակույթը և ընտանիքը:

Ազգային արժեքների պահպանության խնդիրը ոչ միայն պետության, այլև յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է, ուստի այս համատեքստում 2020թ. ազգային անվտանգության ռազմավարության ուսումնասիրությունը առաջ է բերել հետևյալ մտահոգությունները`

1. 2007 թ. ազգային անվտանգության ռազմավարության համեմատությամբ, որում ամրագրված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` որպես ազգային եկեղեցու կարևոր առաքելությունը հայության ներգրավման ու զարգացման գործում, 2020 թ. ազգային անվտանգության ռազմավարությունում տեքստից հանվել է «ազգային եկեղեցի» ձևակերպումը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` պատմական և ազգային օբյեկտիվ կարգավիճակն արտահայտող ձևակերպման բացակայությունն ինքնին հակասահմանադրական լռություն է:


Ինչքան էլ պետությունը փորձի առանց որևէ հիմնավորման խուսափել այս ձևակերպումից, պատմականորեն ձևավորված և օբյեկտիվորեն գոյություն ունեցող փաստերն անհերքելի են, իսկ նման քայլերը` հակապատմական:

2. 2020 թ. ազգային անվտանգության ռազմավարությունում առաջին անգամ որպես ազգային արժեք են ճանաչվել այլ կրոնական կառույցներ: Անհասկանալի է` օբյեկտիվ ինչ չափանիշներից ելնելով է պետությունը այս փաստաթղթում այլ կրոնական կառույցներին համարել որպես ազգային արժեք: Ամենևին չնսեմացնելով այլ կրոնական կառույցների դերն ու նշանակությունը` անթույլատրելի է նման կարևոր փաստաթղթում նման կարևորության գնահատական տալ` առանց օբյեկտիվ հիմնավորումների և չափանիշների, որոնք, թերևս, տեսանելի չեն այս փաստաթղթում:

«Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ համահիմնադիրներ Ա.Ղամբարյան և Թ.Շաքարյան