ԵՄ երկրների ներկայացուցիչները Բելառուսին կոչ են արել ահաբեկումներն ու քաղաքական հետապնդումները....



Բելառուսում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Դիրկ Շուբելը եւ ԵՄ երկրների դեսպանները Բելառուսի իշխանություններին կոչ են արել դադարեցնել ահաբեկումները եւ քաղաքական պատճառներով քաղաքացիների հետապնդումները։ Մինսկում դիվանագիտական առաքելության ղեկավարի համապատասխան հայտարարությունը հրապարակել է ԵՄ ներկայացուցչությունը, հայտնում է «Sputnik-Բելառուսը»։ 

Դիվանագետներն աջակցություն եւ համերաշխություն են հայտնել այն բելառուսցիներին, որոնք վերջին շաբաթներին ձերբակալվել են եւ դարձել ծառայողական չարաշահումների ու բռնության զոհեր։ Դեսպանները նշել են, որ ցույցերը կրել են խաղաղ բնույթ, իսկ ցուցարարները փորձել են պաշտպանել իրենց հիմնարար իրավունքները, որոնք խախտվել են։


«Մենք հերթական անգամ Բելառուսի գործող իշխանություններին կոչ ենք անում օրենքի գերակայությունն ապահովել իրենց սահմանադրական եւ միջազգային պարտավորություններին համապատասխան։ Բելառուսի ժողովրդի խաղաղ եւ անվտանգ ցույցի իրավունքը պետք է երաշխավորված լինի։ Պետք է դադարեցվեն ահաբեկումներն ու քաղաքական պատճառներով հետապնդումները»,- ընդգծել են Եվրամիության ներկայացուցչությունից։

Բելառուսի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 9-ին։ ԿԸՀ հրապարակած տվյալներով՝ հաղթել է պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն․ նրա օգտին է քվեարկել ընտրական տեղամասեր եկած ընտրողների 80 տոկոսից ավելին։ Այդ պահից Մինսկում եւ մի շարք մարզերում շարունակվում են այս արդյունքներին չհամաձայնողների բողոքի չարտոնված ակցիաները։

Բելառուսում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ, տուժել է մի քանի հարյուրը։ Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 3 մարդ։