Ստյոպա Սաֆարյանը «ինֆոտեռոր» է որակել ադրբեջանական սադրանքի մասին հրապարակումները, որոնք ավելի ուշ..




Հունվարի 10-ին սոցիալական ցանցերում և մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ Ստեփանակերտում՝ Շուշիի մերձակայքում կրակոցներ էին լսվել և թշնամական ուժերը կրկին սադրանքների էին դիմել:

Անդրադառնալով այս լուրերին, Հանրային խորհրդի նախագահ Ստոյպա Սաֆարյանը տարածել էր ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Աթանեսյանի գրառումը, որտեղ նշված էր հետևյալը. «Կեսգիշեր: Երեւան: Լրատվամիջոցներից մեկը, հղում անելով ,,Արցախի հանրապետություն,, տելեգրամ-ալիքին, գրում է, որ թշնամին Շուշիից սադրանքի է դիմել, Ստեփանակերտում լսվում են հրաձգության ձայներ: Կապվում եմ Ստեփանակերտի ֆեյսբուքյան ընկերներիս հետ: Ոչ ոք կրակոցի ձայն չի լսել, ամեն ինչ հանգիստ է: Լավ, ժողովրդի դեմ էս ինֆորմացիոն տեռորը ե՞րբ է արգելափակվելու: Մինչեւ ե՞րբ են մարդկանց նյարդերի հետ խաղալու ինֆոհայ մոջահեդները»:

Վահրամ Աթանեսյանի գրառման տարածմանը կից` Ստյոպա Սաֆարյանը գրել էր, թե «ինֆոտեռորի ժամն է»:

Այսօր՝ հունվարի 13-ին, Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում հաստատել է, այն տեղեկությունները, որ վերջին օրերին Շուշիից և Արցախի այլ հատվածներից ադրբեջանցիները օդ են կրակել` նպատակ ունենալով վախեցնել Արցախի հայ բնակչությանն ու բարձրացնել լարվածության մակարդակը:

«Այս հարցը մենք միանշանակ քննարկում ենք ռուս խաղաղապահ զորակազմի հետ, որպեսզի ապագայում կանխարգելենք նմանատիպ սադրանքները։ Մեկ անգամ ևս շեշտեմ, որ այդ կրակոցները եղել են օդ և իրենց մեջ կոնկրետ վտանգավոր տարր չեն պարունակել, սակայն սա չի նշանակում, որ դա թույլատրելի է, և այն չի մտահոգում մեզ։ Սա է այն ամբողջ պատկերը, որը կա։ Միանշանակ պետք է ասեմ, որ Պաշտպանության բանակի զինվորները, այստեղ տեղակայված ռուս խաղաղապահների հետ, շարունակում են իրականացնել իրենց ծառայությունը, բարեբախտաբար, որևէ մարդկային կորստի հետ կապված խնդիր չենք ունեցել»,- անդրադառնալով Արցախում տիրող ընդհանուր իրավիճակին նշել էր Վահրամ Պողոսյանը:

Ավելի ուշ, Պողոսյանը հայտարարել է. «Եթե մինչև երեկ Ադրբեջանը սադրանքների դիմում էր՝ օդ կրակելով, այսօր բոլոր սահմաններն անցել են և թիրախային կրակել են զինվորի վրա»:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտմանհետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:

Ստացվում է, որ Ստյոպա Սաֆարյանը «ինֆոտեռոր» էր որակել իրական դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը: Իսկ իրականությունն այն է, որ վերջին օրերին թշնամու բանակը Շուշիից և Արցախի այլ հատվածներից պարբերաբար սադրանքների է դիմում՝ ընդհուպ թիրախավորելով ՊԲ զինվորներին:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am