Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հարցերը



ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել են հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանն առնչվող որոշ հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով 2020-ի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետևողական իրագործումը և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կայունացումը՝ ընդգծվել է, որ նախևառաջ այդ հանդիպմանը քննարկվելու են տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին: Ընդգծվել է նաև ռազմական գործողություններից տուժած բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու կարևորությունը, այդ թվում՝ իրավասու միջազգային կազմակերպությունների կողմից: