«Լրագրողներ հանուն անվտանգ Հայաստանի» նախաձեռնության անդամներս պահանջում ենք ՀՀ կառավարությունից…




Լրագրող գործընկերներ, ծանոթացեք նամակի բովանդակությանը։


Այսօր ժամը 18.00 Գարեգին Նժդեհի արձանի մոտ ստորագրահավաք է լինելու, ովքեր ցանկանում են միանալ նախաձեռնությանը, խնդրում ենք այդ ժամին եկեք ժամադրավայր, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարող միանալ ստորագրությամբ, խնդրում ենք լուսաբանել նախաձեռնությունը։


ՀՀ վարչապետի ժպ Նիկոլ Փաշինյանին, ՊՆ ժպ Վաղարշակ Հարությունյանին, ԱԱԾ տնօրենի ժպ Արմեն Աբազյանին, ԱԳՆ ժպ Արա Այվազյանին, ոստիկանապետի ժպ Վահե Ղազարյանին


Հաշվի առնելով, որ սահմանային ճգնաժամի շուրջ առկա է բազմակողմանի տեղեկատվության պակաս, անորոշություն, ապատեղեկատվության տարափ, ինչպես նաեւ հասարակության լայն շրջանում՝ զանգվածային խուճապ, իսկ երկրի վարչապետն ու իշխանությունների ներկայացուցիչները հայաստանյան ԶԼՄ-ներին ու լրագրողներին մեղադրում են «ադրբեջանական քարոզչություն» իրականացնելու մեջ, «Լրագրողներ հանուն անվտանգ Հայաստանի» նախաձեռնության անդամներս պահանջում ենք ՀՀ կառավարությունից գործուն միջոցներ ձեռնարկել․


․ Թույլատրել սահմանային ճգնաժամային տարածքներում տեսա և լուսանկարահանում իրականացնել


․ Չեղարկել ՀՀ կառավարության համապատասխան որոշումը, ինչպես նաև բացառել խտրական վերաբերմունքը, որպեսզի հանրությունը լինի տեղեկացված՝ սահմանային իրադարձությունների վերաբերյալ


ՈՐՈՎՀԵՏԵՎ՝


․Մեզ լռեցրել եք COVID-19-ի ժամանակ


.Մեզ լռեցրել եք 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ


Փաստացի ստեղծել եք ինֆորմացիոն բլոկադա, որի հետևանքով ոտնահարվել են ինչպես լրագրողների աշխատանքային, այնպես էլ հասարակության տեղեկացված լինելու իրավունքները, ինչը ձևավորել է նաև անվստահության մթնոլորտ մեր՝ լրագրողներիս նկատմամբ։


Հայաստանյան լրատվական դաշտը, բացառությամբ մեկ-երկու «արտոնյալ» լրատվամիջոցների, փաստացի արգելանքի տակ է, և հնարավորություն չունի մեր հայրենիքի ու հայ ժողովրդի համար ճակատագրական այս ժամանակահատվածում իր մասնագիտական պարտքը կատարելու՝ ՀՀ սահմանային հատվածներում տիրող իրավիճակն արձանագրելու, փաստահավաք գործունեություն ծավալելու, փաստավավերագրական նյութեր տեսալուսանկարահանելու առումով:


Հիշեցնենք, որ նման պահանջ ՀՀ կառավարությանը ներկայացրել էր Ադրբեջանը: Անհերքելի է, որ Հայաստանում ստեղծված տեղեկատվության պակասի ու տեղեկատվական բլոկադայի պատճառով հանրությունն ստիպված է «ապավինել» ադրբեջանական լրատվամիջոցների՝ խուճապ, վախ ու հուսալքություն առաջացնող տեղեկություններին:


Ուստի պահանջում ենք չեղարկել ԱԱԾ-ի գործողության թույլտվությունը, ըստ որի մինչ այժմ լրագրողներին արգելվում է ՀՀ սահմանային շերտերում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը: Ելնելով տեղեկատվական բլոկադայի անհանդուրժելի իրավիճակից՝ պահանջում ենք ապահովել լրագրողների անվտանգ տեղաշարժը՝ սահմանային գոտիներ, որի համար նախաձեռնում ենք այս ստորագրահավաքը։


Ստորագրահավաքը բաց է և կարող են միանալ բոլոր լրագրողներն ու լրագրողական կազմակերպությունները՝ մայիսի 18-ին, ժամը 18-ին Գարեգին Նժդեհի արձանի մոտ։


Լիա Սարգսյան