Արտակարգ դրության երկարաձգումն ուղիղ համեմատական է «դուխով» իշխանության անճարությանն ու վախերին



Հետագայի պատմիչները, եթե այդպիսիք գտնվեն, երևի թվային մագաղաթներում կնշեն, որ դրանք այն ժամանակներն էին, երբ մեկ ամսով մտցված արտակարգ դրության 4-րդ տարին էր:

Բայց մինչ բանը կհասնի ապագայի պատմիչներին, որպես վարակված ներկայի ականատես-ժամանակակիցներ նկատենք, որ կորոնավիրուսի վարակի դեմ պայքարի պատրվակով մարտի 16-ից մեկ ամսով հայտարարված արտակարգ դրությունը արդեն 4-րդ անգամ է երկարաձգվում: Հաջորդաբար ապրիլին, մայիսին, հունիսին նման որոշումներ է կայացրել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որի անձնական սպասարկման «ԱԺ-89» ՍՊԸ-ն սուսիկ-փուսիկ հավանություն է տվել: Եվ հուլիսյան այս օրը ևս արտակարգ դրության ռեժիմը էլի մի ամսով երկարաձգելու հարցն է քննարկվում:

Այսինքն, ի՜նչ քննարկել: Որոշումն օրեր առաջ Փաշինյանը միանձնյա ընդունել է, պարզապես նրա ձևավորած անձնիշխանական ռեժիմը ինչ-որ շղարշ պիտի ցուցադրի:

Թեպետ, թե՛ այդ «քննարկման», թե՛ հենց արտակարգ դրության շարունակական երկարաձգման մեջ շինծու և կեղծ ու կեղծավոր բաղադրատարրերը քիչ չեն:

Եթե ոմանք դեռ չեն մոռացել, արտակարգ դրությունը հայտարարվեց այն նպատակով, որ մինչ այդ կորոնավիրուսի վարակի բռնկման հավանականությունը հրապարակավ ծաղրող Փաշինյանը՝ իր գլխավորած կառավարությամբ, վարակի դեմն առնի:

«Հզոր» պայքար ծավալեց Փաշինյանի կառավարությունը վարակի դեմ: Այնքան հզոր, որ մինչ օրս հարևան Վրաստանից նայում են ու նախանձից կանաչում: Փաշինյանն ու Արսեն Թորոսյանն այնպիսի բացատրություն պահանջող հայացքով նայեցին կորոնավիրուսին, որ դա վախից տեղում ինքնափռվեց ասֆալտին և ինքնածեփվեց պատերին:

Բայց իրականությունը, ցավոք, դաժան է և անողոք: Այսօրվա զուտ պաշտոնական տվյալների համաձայն՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32151 դեպք (որոնցից 19865-ն` առողջացած), մահացել է ընդհանուր առմամբ՝ 756 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 11530 պացիենտ:

Սա է Փաշինյանի շարունակական «արտակարգ դրության» բուն արդյունքը: Կառավարություն, որի գործունեությունը արտակարգ դրության ընթացքում այնքան «հզոր» էր, որ վարակվածների թիվը մոտ 7000 անգամ ավելացավ: Կառավարություն, որի հակավարակային պայքարն այնքան ուժեղ էր, որ ավելի քան 750 մարդ է մահացել:

Հարցը, թե ինչո՞վ է անհրաժեշտ արտակարգ դրությունը, ինչո՞ւ է այն շարունակ երկարաձգվում, իհարկե, մնում է օրակարգում և ավելի ու ավելի ընդգծվում:

Թեպետ, դա արդեն այն հարցը չէ, քանզի շատ-շատերն են նկատում, որ արտակարգ դրության ռեժիմի շարունակական երկարաձգման նպատակները ակնհայտ են ու գրեթե կապ չունեն վարակային կամ համաճարակային վիճակի հետ:

Մասնավորապես, արտակարգ դրությունը Փաշինյանի իշխանության համար անհրաժեշտություն է, որպեսզի կարողանան ազատորեն տուգանել հնարավորինս շատ քաղաքացիների, մարդկանց ոստիկանական տեռորի ու կամայականության ենթարկեն, այդպիսով վախեցնեն՝ հանրագումարում վերածելով ձայնազուրկների ու կամազուրկների ինչ-որ մասսայի:

Մյուս հիմնական նպատակը, իհարկե, մարդկանց բողոքի անխուսափելի դրսևորումները ճնշելը և թույլ չտալն է, բողոք կամ պահանջ արտահայտելու հնարավորությունից արհեստականորեն զրկելը, Հայաստանը փաշայախանական բռնակալության ու եղկելի համակենտրոնացման ճամբարի վերածելն է: Այնպես որ, արտակարգ դրությունն իրականում վարակի դեմ պայքարելու հետ կապ չունի: Համենայն դեպս, այդ հռչակված նպատակին չի ծառայում:

Բնական է, որ հանրային ակտիվությամբ աչքի ընկնող տարբեր գործիչներ, արդեն նաև քաղաքական ուժեր ու շրջանակներ բարձրաձայնում են քաղաքացիների սահմանադրական տարրական իրավունքների ոտնահարման իշխանական մոտեցումների մասին, ահազանգում են, դիմադրում:

Բնութագրական է, որ նման իշխանությունը իր ամբողջ ռեպրեսիվ համակարգը կենտրոնացնում է բողոքի թեկուզ միանձնյա ակցիաները ճնշելու վրա: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի վրա ոստիկանական զանգվածային հարձակումը կարելի է հիշել: Այն դեպքում, երբ իրավապաշտպանն ընդամենը մեն-մենակ ակցիա էր իրականացնում ԱԺ շենքի մատույցներում՝ պահանջելով դադարեցնել մարդկանց իրավունքների ոտնահարումը, վերացնել բողոքի արտահայտման արգելքը:

Այսօր «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանն էր բողոքի ակցիա հայտարարել. մեկ մեքենայով, ավտոերթով շարժվելու էր Խոր Վիրապից Երևան:

Փաշինյանի «դուխով» իշխանությունը այնքան ահաբեկված էր, որ երևի մի 500 ոստիկան էր ներգրավել... 1 անձի բողոքի ակցիան բռնաճնշելու համար:

Սա է Փաշինյանի իշխանության ամբողջ «դուխը»:

Իսկ արտակարգ դրության շարունակական երկարաձգումը ուղիղ համեմատական է իշխանության անճարությանը՝ վարակի դեմ պայքերի առումով, ու վախերին՝ իշխանությունը կորցնելու առումով:

Արմեն Հակոբյա