«Արսեն Թորոսյանի հրաժարականի հարցը նույնիսկ սպասված է մասնագիտական հանրության կողմից». Ռուբեն Հով...



« Ես որևէ կերպ չեմ կարող մեկնաբանել արտակարգ դրության ռեժիմը ամիսներ շարունակ երկարացնող, համավարակի տեմպերը գոնե նկատելիորեն չմեղմած երկրում Առողջապահության նախարարի արձակուրդ մեկնելու որոշումը,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել Արսեն Թորոսյանին օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ արձակուրդ ուղարկելու մասին։ Ավելին, նա ապաակտիվացրել է ֆեյսբուք սոցիալական ցանցում իր անձնական ու պաշտոնական էջերը, իսկ մամուլում համառորեն շրջանառվում են տեղեկություններ, որ բազմաթիվ կոռուպցիոն չարաշահումներ են բացահայտվել եւ օրակարգում է Արսեն Թորոսյանը հրաժարականի հարցը։

Փորձագետի փոխանցմամբ՝ հենց այս փուլում մեծ աշխատանք կար կատարելու, կողմնորոշվելու՝ համաճարակի ռազմավարության դեմ պայքարի ուղղությունները մշակելու գործում, քանի որ առջևում աշուն է և սուր շնչառական վարակների սեզոնային սրացումների, ինչպես նաև, ենթադրում եմ նաև COVID -19-ի աճի վտանգ կա։ «Այս պայմաններում Առողջապահության նախարարի արձակուրդ մեկնելու որոշումը չեմ կարող մեկնաբանել»,- ասաց նա։

Ի՞նչպես կարելի է գնահատել Արսեն Թորոսյանի աշխատանքը, որպես ԱՆ նախարար Հայաստանում կորոնավիրուսային վարակի հայտ գալուց ի վեր հարցին՝ Ռուբեն Հովհաննիսյանը պատասխանում է՝ Առողջապահության նախարարության ձեռնարկած քայլերը հաճախ ժամանակավրեպ են եղել, այն, ինչ պետք է կատարվեր արագ և շատ խիստ՝ ռեժիմով չեն իրականացվել։ Շատ միջոցառումներ ամբողջովին ձևական բնույթ են կրել, նույնը նաև մինչև օրս շարունակվող՝ բացօթյա տարածքներում դիմակների կրման պարտադիր պայմանն է, որը համաճարակաբանի կարծիքով, բացարձակապես հիմնավորված չէ և այլն։

«Փաստինֆո»-ի հարցին՝ իրատեսակա՞ն է համարում արդյոք Ռուբեն Հովհաննիսյանը լայն տարածում գտած այն լուրերը, թե Արսեն Թորոսյանը հետ չի գա արձակուրդից, վերջինս պատասխանում է.«Թերևս միայն կարող եմ ենթադրություններ անել, թեև այս թեմայով որոշակի տեղեկություն ինձ նույնպես հասել է։ Մասնագիտական հանրության շրջանում Արսեն Թորոսյանի հրաժարականի հարցը նույնիսկ սպասված է, որովհետև շատ շատերը հասունացած են համարում այդ քայլը»։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո