Արդյոք նվիրյալներ են կրկնապատկված աշխատավարձերով հետհեղափոխական նախարարներն ու մարզպետները.Մարուքյան



Հեղափոխությամբ իշխանության եկած ուժն իրավունք չունի տնտեսական բարդ իրավիճակում իրեն նման ճոխություն թույլ տալ և անօրինական կերպով կրկնապատկել նախարարների, փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերը։ Այս մասին #bRightTalk ձևաչափի  յոթերորդ մասի շրջանակում հայտարարեց   ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրամանով, Նախարարների, փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերը  կրկնապատկվել են։ նախարարը ստանում է 1,5 միլիոն դրամ, փոխնախարարը՝ 1միլիոն դրամ, մարզպետը՝ մոտավորապես  1 միլիոն դրամ, մինչդեռ ես կարծում եմ, որ օրինակ, եթե մենք լինեինք իշխանություն, մենք կգնայինք այլ ճանապարհով։ Նախարարները, փոխնախարարները, մարզպետները մեր թիմակիցներն էին լինելու, այսինքն՝ քաղաքական մարդիկ և հեղափոխությունից հետո պետք է ապրեին այլ կյանքով, նրանք պետք է ապրեն այն հոգևորականի պես, ով ինքն իրեն ժուժկալությամբ ցանկանում է նեղել, որ իր մեղքերը քավի։ Հեղափոխությունից հետո իշանության եկած ուժը  չի կարող իրեն նման բաներ թույլ տալ, դա ուղղակի անընդունելի է։ Հետագայում, երբ որ տնտեսությունը կաճեր, խնդիր չկա, բայց առաջին տարիներին չէր կարելի մարզպետների, նախարարների, փոխնախարարների, որոնք քո թիմակիցներն են աշխատավարձները կրկնապատկել, քանի որ նրանք «նվիրյալներ» են, նրանք պետք է նվիրվեն, եթե չեն նվիրվում հանի ուրիշ նվիրվողների բեր»,-նշեց Մարուքյանը։

Մարուքյանը ևս մեկ անգամ նշելով, որ նրանց աշխատավարձերը չպետք է բարձրացվեին հավելեց, որ հակառակ դրան պետք է բարձրացվեին իրավապահ համակարգի և հատկապես օպերատիվ ծառայություն իրականացնող անձանց աշխատավարձերը։

«Պետք է  օպերատիվ աշխատողների, ոստիկանության, ԱԱԾ-ի, քննիչների, դատավորների, ինչպես նաև զինված ուժերում սահմանը պահող պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը կրկնապատկվեին։ Այսի'նքն, տեսե'ք, հիմա այս մասը թողնվել է, և բարձրացումը եղել է շատ նվազ ու կրկնապատկվել են ու՞մ աշխատավարձերը, ովքեր օրինակ, եթե հեղափոխությունը չլիներ 100 հազար դրամով էլ չէին աշխատանք ճարի։ Հիմա օրինակ Արարատի մարզպետը, որտե՞ղ կարող էր աշխատել կամ կրթության նախարարը որտե՞ղ է աշխատել, նրա վերջին աշխատավարձն ինչքա՞ն է եղել, որտե՞ղ է վերջին բարձր աշխատավարձը ստացել։ Օրինակ առողջապահության նախարարը որոշ ծրագրերից բարձր աշխատավարձ ստացել է, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը այդ ոլորտից է ստացել է բարձր աշխատավարձ, բա՞ մյուսները»,- ասաց Մարուքյանը։

Մարուքյանը ընդգծեց, որ այն օրինակը, որ նրանք պրոֆեսիոնալներ են և պետք է բարձր վարձատրվեն,  իրականությանը չի համապատասխանում, և նախարարները պրոֆեսիոնալներ չեն, այլ քաղաքական որոշումներ կայացնողներ  են։

«Նախարարները պրոֆեսիոնալներ չեն, նրանք քաղաքական  որոշումներ կայացնողներ են կամ ո՞ր նախարն է հիմա պրոֆեսիոնալ, սոցապնախարա՞րն է պրոֆեսիոնալ,  թե՞ մյուսները, մեր ո՞ր մարզպետն է պրոֆեսիոնալ, եկե'ք մարզպետներին նայենք»,- իր խոսքում նշեց Մարուքյանը։