ԱՐԳԻՇՏԻ ՔՅԱՐԱՄՅԱՆԸ ՈՉ ԹԵ ՍԱՏԱՆԱ Է ՓՆՏՐՈՒՄ, ԱՅԼ ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ

Մենք գրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայության մասին մեր հրապարակումներից եւ հատկապես՝ իր աշխատասենյակի մոտ մետաղորսիչի մասին լուրի տպագրությունից հետո Արգիշտի Քյարամյանը խիստ զայրացել է եւ հանձնարարել ամեն գնով գտնել «Հրապարակի» աղբյուրն ու «ցամաքեցնել» այն։ Այսօր տեղեկացանք, որ այդ գործընթացը ԱԱԾ օպերատիվ աշխատակիցները «հաջողությամբ» գլուխ են բերել։ 



Նրանք այս գիշեր խուզարկել են Սահմանադրական կարգի պահպանության վարչության կազմում գտնվող բաժանմունքներից մեկի ղեկավարի աշխատասենյակը, փորձել են գտնել «Հրապարակի» հետ կապն ապացուցող որեւէ բան՝ նամակներ, հեռախոսազանգեր։ Բաժանմունքի ղեկավարը՝ Արսեն Մարգարյանը, ձերբակալված չէ, բայց երեկվանից մեկուսացված է ԱԱԾ շենքում, նրա նկատմամբ պատրաստվում են քրեական գործ հարուցել՝ ինչ որ անձանց հեռախոսային խոսակցությունների վերծանումներն անօրինական կարգով ուսումնասիրելու համար։ Հատկանշական է, որ Ա․Մարգարյանի աշխատասենյակում «ժուչոկ» է տեղադրված եղել՝ առանց դատարանի որոշման, ապօրինաբար։ Սակայն «Ժուչոկը» որեւէ արդյունք չի տվել, քանի որ մեր աղբյուրի, այսպես կոչված, բացահայտումից հետո էլ մենք շարունակում ենք տեղեկություններ ստանալ ԱԱԾ-ից, չնայած Մարգարյանին մեկուսացրել են եւ զրկել կապի բոլոր միջոցներից։


Նկատենք, որ արդեն ավանդույթ է դառնում ԱԱԾ-ից՝ «Հրապարակին» տեղեկատվություն տալու հիմքով մարդկանց ազատելն ու պատժելը։ Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանի դատվածության մասին լուրից հետո էլ ԱԱԾ մի աշխատակցի հեռացրեցին աշխատանքից։ Պարզապես, այսօր յուրաքանչյուր հեռացում կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ, քանզի ԱԱԾ-ում մեծ թվով թափուր հաստիքներ կան եւ այդ պաշտոնները զբաղեցնելու շատ քիչ հավակնորդներ։


https://hraparak.am/post/1840e2847750aff488dd2429eebde9f9?fbclid=IwAR37gugf4N7KvD1lW5bR0A4sNs_jVwi2dA69KfNwUN3NmyzbpgcuUIipBKo