Արարատի մարզպետը տապալում է Նորամարգի դպրոցի տնօրենի ընտրությունը. Նորամարգցիները բողոքում են



Արարատի մարզի Նորամարգ գյուղի դպրոցի ուսուցիչները, համայնքի բնակիչներն այսօր՝հուլիսի 23-ին, հավաքվել էին Կառավարության շենքի մոտ և բողոքում էին արդեն երկրորդ անգամ դպրոցի տնօրենի ընտրությունները  տապալվելու համար:

Հուլիսի 17-ին նշանակված առաջին ընտրությունը չէր կայացել՝ ԿԳՄՍ նախարարության 3 ներկայացուցիչների չներկայանալու պատճառով։ 5 աշխատանքային օր հետո՝ հուլիսի 23-ին, պետք է 2-րդ անգամ կայանար ընտրությունը, սակայն այս անգամ էլ ընտրությանը ներկա չեն եղել մարզպետարանի 2 և համայնքի 1 ներկայացուցիչը։

Տնօրենի ընտրությունը կատարվում է 8 հոգանոց խորհրդի կողմից, որից 3-ը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներն են, 2-ը՝ մարզպետարանի, 1-ը՝ համայնքի, 2-ը՝ դպրոցական խորհրդի։

Նորամարգի դպրոցի գործավար, դպրոցական խորհրդի քարտուղար Լուսինե Դավթյանը ասաց, որ սա արդեն երկրորդ անգամ է՝ հատուկ է արված։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տապալում է ընտրությունները, որպեսզի գործող տնօրեն Ծովինար Գալստյանը չընտրվի։ «Եվ ըստ օրենքի՝ 2 անգամ տապալվելուց հետո ընտրություն չի լինելու, մարզպետի առաջադրած թեկնածուին փոխվարչապետը նշանակում է դպրոցի տնօրեն։ Մենք նամակով դիմել ենք փոխվարչապետին, որպեսզի Ծովինար Գալստանին նշանակի տնօրեն»,- ասաց Լուսինե Դավթյանը։

Նորամարգի դպրոցի տնօրենի պաշտոնի համար բացի գործող տնօրեն Ծովինար Գալստյանից, որին սատարում են ուսուցիչները և ծնողները, պայքարում է ևս 2 թեկնածու՝ Այնթապի դպրոցի փոխտնօրեն Գոհար Սահակյանը և Սիփանիկ համայնքի դպրոցի փոխտնօրեն Գևորգ Մինասյանը։

Լուսինե Դավթյանի խոսքով՝Գարիկ Սարգսյանի ցանկալի թեկնածուն Գոհար Սահակյանն է, քանի որ հավաստի աղբյուրներից տեղեկացել են, որ ազգակցական կապեր ունի Գոհար Սահակյանի հետ: