«Ավելի քան 140 օր Հայաստանի Հանրապետությունը գտնվում է այս խայտառակ վիճակում». Ռուբեն Մելիքյան


«Ավելի քան 140 օր Հայաստանի Հանրապետությունը գտնվում է արտակարգ ռեժիմի պայմաններում, որը խոսում է մարդու մի շարք իրավունքների սահմանափակման մասին։ Այստեղ պետք է հասկանալ նաև, թե այդ սահմանափակումներից որոնք են հանդիսանում մարդու հիմնարար իրավունքների խախտումներ, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով անվերջ ձգվող արտակարգ դրության և դրա առաջացրած հետևանքների մասին։

«Եթե մենք խոսում ենք համավարակի սկզբնական շրջանի մասին, ապա պետք է նկատենք, որ այդ ժամանակ կար տրամաբանություն, կար հանրային լայն կանսենսիուս։ Այժմ ժամանակի ընթացքի հետ բոլոր տեսակի համաչափությունները նվազել են, փաստացի մենք 140 օր այս խայտառակ իրավիճակի մեջ ենք։ Մինչև հիմա հասկանալի չէ, թե ինչո՞ւ պետք է մարդիկ տուգանվեն ընտանիքի անդամների հետ նույն մեքենայում գտնվելու համար, ինչո՞ւ պետք է մարդիկ տուգանվեն բաց տարածքներում առանց դիմակի օդ շնչելու համար, այն դեպքում, երբ միայնակ են քայլում, շուրջը ոչ ոք չկա։ Ես տեղյակ եմ, որ բազմաթիվ երկրներում կա դիմակ կրելու պահանջ, բայց միայն փակ տարածքներում։ Կարճ ասած, այն կարգավորումները, որ սահմանված են, դրանց իմաստը խիստ անտրամաբանական է։ Սրան գումարած մենք տեսնում ենք, որ իշխանության շատ ներկայացուցիչներ չեն պահում այս կանոնները, ամենաթարմ միջադեպը Շորժայի փարթիի հետ կապված վերջին դեպքերն են, երբ հանրությունն ունի օբյեկտիվ տեղեկություններ այն մասին, որ այդ պատգամավորն այնտեղ ոչ թե այցելու է եղել, ինչպես ներկայացնում են, այլ, ամենայն հավանականությամբ, հենց միջոցառման կազմակերպիչը։ Ընդ որում ողջ ժամանակ նա այնտեղ է եղել առանց դիմակի։ Սա վառ ապացույցն է նրա, որ իշխանությունը վատ օրինակ է ծառայում,սրան գումարվում է այն իրավաբանական խոտանը, որ թույլ է տալիս կառավարությանը նման կարգավորումներ սահմանել։ Այս բոլոր հարցերն անպայման բարձրացվելու են մեր դատական մարմինների առաջ, իսկ եթե լուծում չստանան, ապա ընդհուպ մինչև միջազգային ատյաններում՝ կապված ստեղծված իրավիճակի շատ հանգամանքների հետ, օրինակ՝ պարետի կարգավիճակի հետ, որ պարետն իրականում իրավական որևէ կարգավորում չունի և այլն»,- ասաց նա։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նկատում է՝ ստեղծված իրավիճակում գոյություն ունի երեք հարթություն. «Առաջին հերթին՝ պետք է հասկանալ պահանջների մի մասի անտրամաբանությունը, երկրորդ հերթին՝ իշխանությունները լավ օրինակ չեն ծառայում և երրորդ հարցը դրանք իրավաբանական խոտաններն են։ Մեր հասարակական կազմակերպությունը՝ «Իրավական ուղի» ՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել հարգելի պատճառներով դիմակ չկրելու արդյունքում տուգանված մարդկանց բողոքարկման համար իրավաբանական օգնություն տրամադրել։ Այլ կազմակերպություններ նույնպես, որքանով ես տեղյակ եմ, նման հանձնառություն ստանձնել են։ Շատ կարևոր է, որ քաղաքացիները ստեղծված իրավիճակում իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն ունենան, որովհետև այն մարդիկ, ովքեր նախկինում իրավապաշտպանություն էին իրականացնում, այժմ քաղաքացիների կողքին չեն։ Մեզ մի քաղաքացի էր դիմել, որի դեպքը նույնպես բարձրաձայնեցինք, ում ոստիկանները տուգանել էին, հետո բերման էին ենթարկել բաժին, որտեղ քաղաքացին տեսել էր մի քանի ոստիկանների, ովքեր նույնպես դիմակով չէին եղել, բարձրաձայնել էր այդ մասին և ենթարկվել շատ վատ վերաբերմունքի։ Սա նույնպես ստեղծված իրավիճակի անտրամաբանական դրսևորումներից մեկի բացասական հետևանքն է»։

«Փաստինֆո»-ի հարցին՝ ի վերջո որքա՞ն կարող է երկարաձգվել արտակարգ դրության ռեժիմը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը պատասխանում է. «Իշխանություններն, իմ պատկերացմամբ ապօրինի մեկնաբանություն այն մասին, որ արտակարգ դրության ռեժիմը, փաստորեն, կարող է անվերջ երկարաձգվել։ Դեռ մայիս ամսին մենք այդ մասին խոսում էինք։ Ես այն համոզմանն են, որ մեկ անգամ երկարաձգելուց հետո, այսինքն՝ 60 օրից ավել չի կարող տևել, որովհետև սա ժամանակավոր երևույթ է։ Միաժամանակ իշխանությունները չեզոքացրել են Սահմանադրական դատարանը, որ իշխանություններին շատ կարևոր հակակշիռ էր։ Սովորականն առաջարկեր, բայց այսօր դրա հնարավորությունը չկա, որովհետև ամբողջատիրական ճանապարհով սահմանադրական դատարանը չեզոքացված է, և այս պահին ֆունկցիոնալ չէ»։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո