Անսկզբունքայնության արշավ Aravot.am



Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքում խառնաշփոթ է։ Ելնելով պահի քաղաքական նպատակահարմարությունից, տարբեր խմբեր, անձեր հարձակման թիրախներ են ընտրում, իրենց կամ իրենց պատվիրատուների ատելությանը հագուրդ տալու համար։ Եվ բացարձակապես կարևոր չէ, թե ով է հանդիսանում թիրախը, նրա նախկին և ներկա գործունեությունը, կարևորը պրպտել, ինչ-որ իրենց կարծիքով վարկաբեկիչ նյութ գտնել տվյալ անձի, նրա ընտանիքի մասին և․․․ ա՛յ, գտա, տեսե՛ք, հասե՛ք։ Սկզբունքորեն ես կողմ կլինեի, եթե տարբեր լրատվամիջոցներ գտնեին տեղեկություններ որևէ գործչի նախկին գործունեության մասին, նրա խոսքերը և համեմատեին այսօրվա հետ՝ ցույց տալով նրա անսկզբունքայնությունը։ Սակայն մերկապարանոց քննադատություններն ու այդ ամենին խառնել տվյալ անձի ընտանիքի անդամներին, բացարձակապես անընդունելի է։ Ինչո՞ւ հիշատակեցի այս ամենի մասին։ Վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցներ և գործիչներ հարձակումներ են սկսել, իմ կարծիքով, Հայաստանի ամենասկզբունքային իրավապաշտպաններից Զարուհի Հովհաննիսյանի և նրա ամուսնու նկատմամբ։ Զարուհին, ինչպես նախկին իշխանությունների, այնպես էլ այսօրվա հեղափոխական իշխանությունների ժամանակ չի հարմարվել և չի կորցրել իրավապաշտպանի իր առաքելությունը։ Նա ոչ միայն հատկապես կանանց իրավունքներով է զբաղվել, այլև ավելի լայն իրավապաշտպանական գործունեությամբ։ Նա եղել է քրեակատարողական մարմիններում հասարակական դիտորդների անդամ, այցելել ազատազրկման վայրեր՝ պաշտպանելով ազատազրկվածների իրավունքները։ Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր խիստ քննադատում է ոստիկանության անօրինական գործողությունները։ Իսկ որ նա հանդիսանում է ԲՀՀ տնօրենների խորհրդի անդամ և տեսե՛ք, տեսե՛ք, նրա ամուսինը տարիներ առաջ նույն ԲՀՀ-ից դրամաշնորհ է ստացել, ներկայացվում է որպես մահացու հանցանք՝ այդ ամենը համեմելով  բացարձակ ստերով և հերյուրանքներով։ Կարդալով Զարուհու վերջին գրառումները՝ զգացի, նրա ոչ այնքան զայրույթը, որքան, ների՛ր Զարուհի, նրա անպաշտպանվածության զգացումը։ Կարդացեք նաև «Վահե Գրիգորյանը քաղաքական գործիչ է եւ հլու-հնազանդ ենթարկվում է բռնապետի հակումներ ունեցող ղեկավարին». Ավետիք Իշխանյան Մուտք կա՛ Մի վարկաբեկեք ՄԻՊ կառույցն ու նրա ղեկավարին Հարգելի խմբագիրներ, լրագրողներ, գործիչներ, ֆեյսբուքյան օգտատերեր, ձեր հրապարակումներով ոչ միայն վարկաբեկում եք, ներեցեք զեղումներիս համար, լավ, սկզբունքային մարդկանց, այլև նրանց «կոտրում», հուսահատեցնում։ Սիրելի Զարուհի, միշտ եղիր քո սկզբունքներին հավատարիմ և խնդրում եմ, մի հուսահատվիր։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ