Անշեղորեն աճում են գործազրկությունն ու... ոստիկանական կամայականությունները



Եթե կարծում եք, որ այսօր Հայաստանում միայն գործազրկությունն է աճում, ապա՝ այդպես չէ: Էլի աճող բաներ կան: Դե, իհարկե, եթե մի տեղում ավելանում է գործազուրկների թիվը, բնականաբար, աճում է նաև դժգոհությունը: Աճում է «թավշյա» թմբիրից ձերբազատվող հայրենակիցների թիվը:

Այս օրերին, ի դեպ, ակնհայտ երևում է նաև Փաշինյանի ոստիկանության աճը: Այն ոչ միայն երևում է, այլև հատուկ ցուցադրվում: Աճել են, աճել ոստիկանները: Ոչ միայն քանակապես, այլև՝ որակական առումով, ավելի ճիշտ՝ անորակության: Մի օր մի քաղաքացու վրա են հարձակվում, մի օր մեկ ուրիշի:

Օրեցօր կատարելագործվում են. ոստիկանական հարձակման ու անիրավության, եթե կուզեք՝ «բեսպրեդելի» թիրախում արդեն հասցրել են հայտնվել երիտասարդ կին, տարեց տղամարդ, դեռատի օրիորդներ:

Դժվար չէ նկատել, որ Փաշինյանի քաջաբազուկ ոստիկանների հարձակման թիրախում հայտնվում են հասարակության այն ներկայացուցիչները, որոնց առաջին հերթին է ընդունված պաշտպանել՝ տարեցները, կանայք, աղջիկները:

Այն ամենը, ինչն այս օրերին «թավշյա» իշխանությունների ու անմիջականորեն Նիկոլ Փաշինյանի հրահանգով անում են ոստիկանները, դժվար է բնորոշել այլ կերպ, քան կամայականություն, մարդկանց ցուցադրական ճնշում, քաղաքացիների հալածանք և հետապնդում:

Չի կարող մխիթարել անգամ այն, որ ոստիկանական կամայականության թիրախում հայտնված քաղաքացիների մեջ կարող են լինել և այնպիսի հայրենակիցներ, որ մի երկու տարի առաջ վանկարկում էին՝ «ոստիկանը մերն է»: Թե այն ժամանակ էր դա ծիծաղելի, թե առհասարակ: Ոստիկանը «ձերը» չէ, չի եղել և չի լինելու, առավել ևս՝ Հայաստանում: Ոստիկանը եղել է կամ ու, հնարավոր է, լինելու է տվյալ օրվա իշխանությանը՝ պատրաստ կատարելու տրված հանձնարարականը, այս դեպքում՝ ծեփել պատերին, փռել ասֆալտին, որքան հնարավոր է՝ ցուցադրաբար, որպեսզի մնացած բոլորն էլ վախենան: Ոստիկանությունն, ըստ էության, պատժիչ մարմին է: Ենթադրվում է, որ այն պիտի նաև իրավապահ լինի, բայց այսօր Հայաստանում այն միայն պատժիչ է:

Հիշատակված դեպքերից մեկում երևում է, թե ինչպես է ոստիկանը մոտենում դիմակ կրող աղջկան, սկսում ինչ-որ պահանջներ ներկայացնել, ապա անձնագիրն է պահանջում: Հարց է ծագում, որ եթե մարդը դիմակ է կրում, էլ ինչի՞ համար է պետք անձնագիրը: Չէ՞ որ այդ անհեթեթ պահանջը ներդնելիս ասվում էր, թե դա միայն այն դեպքերի համար է, որ երբ մարդիկ դիմակ չկրելու համար տուգանվում են, անձնագիր լինի, որպեսզի արձանագրություն կազմվի:

Աղջիկն անձնագիր չուներ: Ոստիկանը, ամենաբռի ձևով սկսեց նրան քաշքշել ու, ընդհանրապես, իրեն հնարավորինս վատ ու կոպիտ էր պահում: Եվ քանի որ սա առաջին նման դեպքը չէ, պետք է ենթադրել, որ Փաշինյանը կամ նրա ոստիկանապետը հատուկ այդպիսի հրահանգ են տվել ոստիկաններին, որ մարդկանց կոպտեն, վիրավորեն, քաշքշեն:

Բնութագրական է, որ երբ համացանցում հայտնվում է ոստիկանական բռնության հերթական դրսևորման մասին վկայող տեսանյութը, անմիջապես ի հայտ են գալիս բուռն ոստիկանապաշտպաններ ու սկսում ինչ ասես՝ դուրս տալ բռնության թիրախում հայտնված քաղաքացիների հասցեին: Որպես կանոն՝ մարդկանց հասցեին ամենակեղտոտ արտահայտություններ անողները ամենաթունդ «նիկոլականներ» են:

Ամեն դեպքում, ոստիկանությունը շարունակում է «արկածներ որոնել»: Ըստ ժանրի կանոնների, այդ բռնությունները մի օր անխուսափելիորեն հանգեցնելու են տխուր հետևանքների, ըստ որում, առաջին հերթին հենց հարձակվող ոստիկանների ու իրենց հրահրող օրվա իշխանությունների համար՝ տխուր:

Իսկ առհասարակ, իշխանությունն ամեն ինչ ճիշտ է անում. սոցիալական խնդիրների, անորոշության առջև հայտնված, նյարդապրկման վիճակում հայտնված մարդկանց արագորեն հունից հանելու ամենից կարճ և արդյունավետ տարբերակը հենց ոստիկանական կամայականություններն են: