«Աննա Հակոբյանի և Մեհրիբան Ալիևայի կոչերն ուղղված են ամենաանգրագետ և որևէ բան չիմացող խավերին».

Այսօր Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Ադրբեջանի նախագահի կին, երկրի առաջին փոխնախագահ Իլհամ Ալիևան հանդես եկան կոչերով՝ կապված երեկվանից հայ-ադրբեջանական սահմանի ռազմական լարված դրության հետ: Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ռազմական գործողությունները դադարեցնելու և դեպի խաղաղություն շարժվելու հորդոր էր հնչեցրել: «Հորդորում եմ ադրբեջան

ցի կանանց և մայրերին կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի չենթարկել ադրբեջանցի և հայ ժողովուրդների զավակների կյանքը: Կանայք, մայրերը և քույրերը պետք է հարցնեն իրենց ռազմաքաղաքական ղեկավարությանը` ինչ ձեռք բերեցին իրենց սիրելիների կորստի, իրենց անձնական ողբերգության գնով, և ինչն է խանգարում խնդիրները քննարկել խաղաղության պայմաններում, հակառակ կողմի ղեկավարության հետ բանակցությունների ճանապարհով»,- գրել է Աննա Հակոբյանը: Մեհրիբան Ալիևան, հակառակը, Ինստագրամի իր էջում ռազմական կոչեր էր հնչեցրել, խոսել էր «օկուպացված» տարածքների մասին: «Ադրբեջանական ժողովուրդը երբեք չի հաշտվի օկուպացիայի հետ: Մեր հողը, մեր պայքարը հայրենիքի համար սուրբ են: Մեր գործն արդար է, և Աստված մեզ հետ է: Թշնամին հակահարված է ստացել և միշտ այդպես կլինի: Մենք պետք է դառնանք և կդառնանք ավելի ուժեղ, ավելի միասնական: Ես իմ խորը վիշտն ու հարգանքն եմ հայտնում նահատակների մայրերին և հայրերին: Այս ծանր օրերին ադրբեջանական ժողովուրդը ձեզ հետ է: Թող Ալլահը հանգստացնի մեր բոլոր նահատակների հոգիները, ուղարկի շուտափույթ ապաքինում  մեր վիրավոր զինվորներին: Թող Ալլահը պահպանի Ադրբեջանին և մեր ժողովրդին»,- ասված է Ալիևայի հրապարակման մեջ: Աննա Հակոբյանի և Մեհրիբան Ալիևայի կոչերը ծայրաստիճան տարբեր են, ո՞ւմ են դրանք ուղղված: Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան (ՄԻՊ) Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չի մեկնաբանում ո՛չ Աննա Հակոբյանի, ո՛չ Մեհրիբան Ալիևայի կոչերը: «Գտնում եմ, որ այդ կանացի շարժումներն այս իրավիճակում բոլորովին անտեղի են և որևէ կառուցողական բան չեն պարունակում: Իրենց կոչերն ուղղված են ամենաանգրագետ և որևէ բան չիմացող խավերին, ուզում է լինի՝ դրսում, ուզում է լինի՝ ներսում»,- ասաց Ալավերդյանը: