Անընդունելի է իշխանության պոպուլիզմն ու իմիտացիոն հեղափոխական հռետորաբանությունը․ ՀԱՍԱԿ


Հուլիսի 25-ին տեղի է ունեցել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության համաժողովը, որի ընթացքում ամփոփվել է կուսակցության նախորդ տարվա իրականացված աշխատանքը։ Առաջարկներ են հնչել հետագա գործունեության հետ կապված՝ հաշվի առնելով երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակը: Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական բաժնից։

Համաժողովի ընթացքում կուսակցության անդամներն ընդունել են քաղաքական նոր մանիֆեստ, որը սահմանում է ՀԱՍԱԿ-ի ծրագրային դրույթները առաջիկայի համար: Մանիֆեստում նշվում է, որ կուսակցությունը չի ցանկանում վերադառնալ հին Հայաստան, բայց նաև անընդունելի է ներկայիս իշխանությունների պոպուլիզմն ու իմիտացիոն հեղափոխական հռետորաբանությունը։ Հետևապես առաջարկվում է «երրորդ ճանապարհը»:

Սոցիալ-տնտեսական ոլորտում կուսակցությունը, ի թիվս այլ հարցերի, առաջնահերթ է համարում թոշակների ամենամյա ինդեքսավորումը, «շքեղության հարկի» սահմանումը, թափանցիկ կերպով կապիտալի համաներումը, մարզերում բժշկական և կրթական հաստատությունների ֆինանսավորման ավելացումը, տաղանդավոր երիտասարդությանն աջակցելու համար հիմնադրամի ստեղծումը:

Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը, որպես առաջնահերթություն ամրագրել է, որ Հայաստանը հարկավոր է դարձնել հիրավի խորհրդարանական հանրապետություն, որտեղ կներդրվի պրոֆեսիոնալիզմի սկզբունքը պետական առանցքային պաշտոններում նշանակելիս, նվազագույնի կհասցվի քաղաքական ազդեցությունը ուժային կառույցների վրա, իսկ վտանգավոր «անցումային արդարադատությունից» ու «վեթինգից» կհրաժարվեն:

Արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցությունն առաջարկում է ձեռնպահ մնալ Արցախյան հիմնախնդրի նկատմամբ պոպուլիստական հռետորաբանությունից և համադրել խելամիտ դիվանագիտության և ռազմական զսպման սկզբունքները, հետևողական և կանխատեսելի քաղաքականություն վարելով՝ վերականգնել ՌԴ հետ հարաբերություններում վստահության մթնոլորտը, զարգացնել տնտեսական և հումանիտար կապերը ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, բայց ոչ ի վնաս հայ հասարակության ավանդական արժեքների և մեր երկրի ֆինանսական անկախության:

Ելույթ ունենալով՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը նշել է, որ 2016-ին հիմնադրված կուսակցությունը որոշակի ճանապարհ է անցել՝ մշտապես կառուցողական ձևով իշխանությունների և հասարակության ուշադրությունը հրավիրելով երկրում առկա հրատապ խնդիրներին: Եվ ձեռք բերված այդ փորձը թույլ է տալիս այսօր սահմանել նոր, ավելի հավակնոտ առաջնահերթություններ:

«Այն ցավալի իրավիճակը, որը ձևավորվել է երկրում կորոնավիրուսի համաճարակի արդյունքում, ինչպես նաև կառավարության կողմից ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումների անարդյունավետության պատճառով, մեզ ստիպում է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքում: Միևնույն ժամանակ, Հայաստանն այսօր համաճարակի դեմ պայքարում ազգային միասնության կարիք ունի, քանի որ չարիքը դեռ չի պատրաստվում նահանջել», - ասել է նա: Սակայն, ըստ Ղուկասյանի, այսօր մենք ականատեսն ենք դառնում, որ ազգային միասնությանն աջակցելու և հասարակության ու պետության հիմնախնդիրները լուծելու փոխարեն, իշխանությունները գերադասում են լուծել իրենց նեղ անձնական խնդիրները` կառավարման համակարգն առավել կենտրոնացնելու համար:

Հայաստանի առջև ծառացած մի շարք լուրջ մարտահրավերներին ելույթում անդրադարձել է կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը: Նշելով համաճարակաբանական և սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ առանց աշխատանքի մնացած հազարավոր քաղաքացիները այսօր ոչ այնքան մասնավոր հիմնադրամների և բարեգործական կազմակերպությունների օգնության կարիքն ունեն, այլ պետության աջակցության, քանզի դեռ պարզ չէ, թե որքան կտևի այս ճգնաժամը. «Կառավարությունը պետք է ձեռնարկի ոչ թե այնպիսի քայլեր, որոնք ունեն կարճաժամկետ ազդեցություն և նախատեսված են սոցիալական դժգոհությունը ժամանակավորապես թեթևացնելուն, այլև մտածեն բնակչությանն ու բիզնեսին համակարգային աջակցմանն ուղղված միջոցառումների մասին»: Կուսակցության խորհրդի անդամ Արման Սաֆարյանն անդրադարձել է տաղանդավոր երիտասարդության ինքնաիրացման խնդիրներին: Նա մատնանշել է ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում մեկ մշակութային և հումանիտար տարածքի պահպանման կարևորությունը, որի գոյությունն այսօր Հայաստանի համար մրցակցային առավելություն է: Սաֆարյանի խոսքով, հայ հասարակության ավանդական սոցիալական և ընտանեկան արժեքների ընկալումը դեռ գերակշռում է եվրասիական տարածքում, ինչը մեծ արժեք ունի ժամանակակից գլոբալիզացված աշխարհում:

Իր հերթին, խորհրդի անդամ և կուսակցության խոսնակ Լիա Խոջոյանն ուշադրություն է հրավիրել տեղեկատվական տարածքն ատելության հռետորաբանությունից մաքրելու անհրաժեշտության վրա, քանի որ, ցավոք, ատելություն սոցցանցերում տարածում են ոչ միայն «ֆեյքային» օգտատերերը, այլև բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարություններում ու ելույթներում:

Եզրափակելով համաժողովը, կուսակցության անդամները շեշտել են իրենց պատրաստակամությունը հետայսու ևս ակտիվ մասնակցել երկրում քաղաքական գործընթացներին և մասնակցելու հաջորդ խորհրդարանական ընտրություններին՝ չբացառելով քաղաքական ուժերի հետ համագործակցությունը, եթե նրանք կիսում են իրենց մոտեցումները ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ: