Չինաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել ամերիկյան ԶԼՄ-ների դեմ



Չինաստանի իշխանությունները պահանջել են, որ ԱՄՆ չորս լրատվական գործակալությունները յոթ օրվա ընթացքում տեղեկատվություն տարածեն իրենց աշխատողների եւ երկրում ֆինանսական գործարքների մասին, հայտնում է AFP-ը:


Associated Press-ը, United Press International-ը, CBS-ը եւ NPR-ը պարտավոր են տրամադրել այդ տեղեկատվությունը, ինչպես նաեւ Չինաստանում իրենց անշարժ գույքի մանրամասները՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից Չինաստանի պետական ԶԼՄ-ների հետապնդման, հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:


«Չինաստանի գործողությունները «բացարձակ անհրաժեշտ հակամիջոցներ են ԱՄՆ-ում Վաշինգտոնի կողմից չինական լրատվամիջոցների անհիմն ճնշումների դեմ»,- ասել է նա:


Հունիսի 22-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը վերադասակարգել է չինական պետական չորս ԶԼՄ-ները որպես ԱՄՆ-ում օտարերկրյա ներկայացուցչություններ՝ դրանք ավելացնելով չինական հինգ այլ ԶԼՄ-ներին:


«Բոլոր ինը լրատվամիջոցները «արդյունավետորեն վերահսկվում են ՉԺՀ կառավարության կողմից»,- հունիսին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրտագուսը:


Այն բանից հետո, երբ ԶԼՄ-ների առաջին խմբին հրամայվեց կրճատել ԱՄՆ-ում աշխատող իրենց չինացի աշխատակիցներին, Պեկինը պատասխան հարված տվեց՝ վտարելով ամերիկյան ավելի քան տասնյակ քաղաքացիների, որոնք աշխատում էին The New York Times-ում, Wall Street Journal-ում եւ The Washington Post-ում:


Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ չինական ԶԼՄ-ների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանափակումները «բացահայտում են ԱՄՆ-ի կողմից գովազդվող, այսպես կոչված, մամուլի ազատության երեսպաշտությունը»:


Նա նշել է, որ Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին «ուղղել իր սխալները եւ վերջ տալ քաղաքական ճնշումներին ու չինական ԶԼՄ-ների հանդեպ անհիմն սահմանափակումներին»:


Անցյալ ամիս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հավայան կղզիներում հանդիպել է Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյա Յան Ցզեչիի հետ, ինչը գրեթե չի ազդել երկկողմ լարվածության աճի վրա: