Այս պահին աշխարհում ՀՀ-ն ամենասարսափելի իրավիճակում է. կա 200 հազար վարակված. վերջին 2 օրում թվերն..


Պետք է հասկանանք վիճակի սարսափելիությունը, որն այսօր գոյություն ունի: Այսօր Կառավարությունը սխալ մեսիջ է ուղարկում, թե իբր դիմակ կրելու մեջ է պրոբլեմը: Այս մասին այսօր «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:


«Ուզում եմ ձեզ տեղյակ պահել մի շատ վատ լուրի մասին. այս պահին աշխարհում ՀՀ-ն ամենասարսափելի իրավիճակում է: Այսօր Հայաստանում կա 200 հազար վարակված մարդ, վերջին երկու օրերին թվերն իջել են, որովհետև թեստ չունեն, չեն անում»,-ասաց նա և նշեց, որ այո, կան երկրներ, որոնք մեզանից վատ իրավիճակում են գտնվում, բայց սա դեռ չի նշանակում մեր իրավիճակը լավն է»,- տեղեկացրեց նա:


Նա նշեց ցուցանիշ, ըստ որի՝ աշխարհում ամենաքիչ բուժվածների թիվը Հայաստանում է՝ 37.2 տոկոս: Վերջինս հիշեցրեց, որ ըստ երևույթին՝ բուժում չկա: «Բժիշկը մոտենում է հիվանդին, ասում է՝ դու այստեղ ընդհանրապես ինչ ես անում, տուն գնա, մենք այստեղ ոչ մեկին էլ չենք բուժում: Հասկանում եմ, որ այս խոսքերը ռեակցիա առաջ կբերեն, բայց դուք պետք է իմանաք, որ այն դեպքերը, երբ մարդիկ տուն են գնում, կենսաբանական հետևանքներ են թողնում մարդկանց վրա, օրինակ՝ երիտասարդները դրանից հետո դիաբետով են հիվանդանում»:


Ըստ նրա՝ եթե կան երկրներ, որ ավելի վատ ցուցանիշներ ունեն, քան Հայաստանը, սակայն որոշ ժամանակ անց Հայաստանը նրանց էլ կգերազանցի: Նրա համար անհասկանալի է այն նոր որոշումը, թե անձնագիր ունենալը պարտադիր է, քանի որ անձնագիր ստուգելով, ձեռքից ձեռք իր փոխանցելով` վիրուսն ավելի կտարածվի:


«Ո՞վ է այս որոշումներն ընդունում, ո՞վ է այս մարդկանց բերել իշխանության: Ես ուզում եմ հարց տալ Կառավարությանը՝ դուք համավարակի հաղթահարումը պատկերացնո՞ւմ եք` առանց կարանտինի, ինչի՞ համար է արտակարգ դրությունը, եթե կարանտին չկա, միայն քաղաքական ելույթներ չլինելու համար: Ի՞նչ իրավունքով եք հայտարարում, որ 10 հազար դրամ տուգանելու եք: Կառավարությունն անում է այն, ինչ ուզում է»,- նշեց տնտեսագետը:


Բագրատյանն առաջարկեց տարբերակներ, որոնք կարող են կանխել վարակի տարածումը, ըստ նրա՝ այդ տարբերակները միջազգային փորձ ունեն և օգուտ են տվել այն երկրներին: