«Այն, ինչ կար Էրդողանի ենթագիտակցության մեջ, շփոթմունքի արդյունքում արտաբերեց».



Հուլիսի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անդրադարձել էր հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային՝ նշելով, որ Հայաստանը զավթիչ է.

«Գիտեք, որ Հայաստանի զավթողականությունը տարիների, տասնյակ տարիների պատմություն ունի։ Նախիջևանը  բռնազավթված է, և Մինսկի եռյակը, արդեն 25-30 տարի է՝ այս հարցը թողել է չլուծված, չի կարողացել լուծել։ Իհարկե, պարզ էր, որ հանգամանքները հենց նման զարգացում են  ունենալու։


Այս ընթացքում ես խոսում եմ պարոն Ալիևի հետ, և երեկ Ադրբեջանից մի պատվիրակություն էին ուղարկել։ Պատվիրակությունը և մեր Պաշտպանության նախարարն ու հրամանատարները համապարփակ քննարկումներ են արել։ Ես էլ իրենց հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Ինչպես եղել է Կովկասի պայքարում, այսօր էլ Ադրբեջանի և մեր ադրբեջանցի եղբայրների կողքին ենք և շարունակելու ենք նրանց կողքին լինել»։


Եղան տարբեր կարծիքներ, որ հավանաբար Էրդողանն Արցախ շփոթել է Նախիջևանի հետ, այդ պատճառով էլ ասել է, թե Նախիջևանը զավթված է։ Արդյո՞ք  Էրդողանն իսկապես Արցախը շփոթել էր Նախիջևանի հետ, թե՞ այստեղ այլ ենթատեքստ կա։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ  Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով այս հարցին՝ նկատեց՝ թուրքական մի ասացվածք կա, երբ նմանատիպ շփոթմունքների ժամանակ ասում են՝ Ալլահը նրան խոսեցրեց. «Այսինքն՝ այն, ինչ կար նրա մտքում, ենթագիտակցության մեջ, շփոթմունքի արդյունքում արտաբերեց։ Կարծում եմ՝ թուրքական վերնախավի ենթագիտակցության մեջ ամենակարևոր կետը, որտեղ հնարավոր է նաև սադրանք իրականացնել և հնարավոր է այդ սադրանքի վրա ինչ-որ հետագա քայլեր կառուցել՝ հենց Նախիջևանն է։ Էրդողանի շփոթմունքը գուցե մի ցուցիչ է, որ քաղաքական վերնախավի տարատեսակ ընկալումների մեջ Նախիջևանն ունի առանձնահատուկ նշանակություն։ Իսկ Նախիջևանի պարագան՝ և՛ իրավական կարգավիճակը, և՛ ստրատեգիական դիրքը հղի է շատ լուրջ հետևանքներով, որտեղ, ինչպես ասացի՝ Թուրքիան կարող է ներթափանցել՝ որպես ակտիվ խաղացող»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։