Այդպես նախատեսվա՞ծ էր, թե՞ հանրության բուռն արձագանքը հետքայլի մղեց.7or.am



Երկար անվանմամբ նախարարության պաշտոնական ներկայացուցիչն այսօրվա ասուլիսում հանրությանը տեղեկացրեց, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան առաջիկա՝ 2020-21 ուսումնական տարում կպահպանվի: Դրա պատճառն այն է, որ հանրակրթության չափորոշիչների նախագծում այդպես էին նշել, իսկ այդ՝ բավականին բուռն արձագանքների տեղիք տված չափորոշիչներն էլ նախատեսված է ներդնել 2022-23 ուսումնական տարում:

Դա, իհարկե, հրաշալի է: Նախ՝ քաղաքական տեսանկյունից: Ինչպես հայտնի է, 2023 թվականը պաշտոնապես հերթական իշխանափոխության տարի է (2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններից հաշված՝ 5 տարի), եթե, իհարկե, առաջիկա 3 տարվա ընթացքում ներքաղաքական լուրջ վայրիվերումներ և արտահերթ ընտրություններ տեղի չունենան: Եվ, իհարկե, եթե այս տեմպերով «երեք տարի ձգենք»: Իսկ եթե իշխանափոխություն տեղի ունենա, ապա դժվար չէ ենթադրել, որ առաջինը, ինչ պետք է փորձի կարգի բերել հաջորդ (ցանկացած) իշխանություն, լինելու է կրթության ոլորտը:

Բայց դա դեռ իր հերթին:

Հարցեր ծագում են ԿԳՄՍ նախարարության վերջին հայտարարության հետ կապված: Նախ՝ կազմակերպչական բնույթի: Եթե այդ չափորոշիչները ներդրվելու էին կամ ներդրվելու են մի երկու տարի հետո, ապա ո՞րն էր խնդիրը, որ նույն այդ «Հայ եկեղեցու պատմություն» առարկային չափորոշիչների քննարկման գործընթացից «արհեստական խաղից դուրս» վիճակի մեջ դրվեցին Մայր Աթոռի լիազորված ներկայացուցիչները: Ո՞րն էր, էլի, շտապողականության պատճառը: Ամեն գնով տվյալ չափորոշիչները «սղղացնե՞լը»: Իսկ այն, որ Մայր Աթոռի ներկայացուցիչները հենց նման՝ «արհեստական խաղից դուրս» վիճակում են դրվել, վերջերս մամուլի ասուլիսով հանգամանորեն ներկայացրեցին մի խումբ բարձրաստիճան և հանրությանը հայտնի հոգևորականներ:

Այդ ի՞նչ հրատապ խնդիր կար, որ թույլ չէր տալիս շատ ավելի հանգիստ, աշխատանքային մթնոլորտում, շատ ավելի հավասարակշռված ու կշռադատված չափորոշիչներ մշակել, օրինակ, կոնկրետ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ: Ի՞նչ է Սորոսից «կայծակ-հեռագի՞ր» էր եկել, թե՞ մի այլ բան կար:

Հարցերի երկրորդ շարքը ավելի շատ վերաբերում է հանրակրթության խնդիրներով ու վիճակով հետաքրքրված հանրության բուռն քննադատական, առանձին դեպքերում՝ մեղադրանքներով համեմված արձագանքին:

Այնպիսի տպավորություն է, թե ինչ-որ էքսպերիմենտ իրականացվեց: Ասպարեզ նետվեցին հայոց լեզվի, հայ գրականության, մեր եկեղեցուն, մեր պատմությանն ուղղակիորեն վերաբերող այնպիսի «հանրակրթական չափորոշիչներ», որոնք չէին կարող անարձագանք մնալ, այնքան որ՝ զգայուն թեմաներ են ու խնդիրներ:

Հասարակությունը, այդ թվում՝ բազմաթիվ գիտնականներ, նաև՝ հոգևորականներ, պարզապես նախանձախնդիր քաղաքացիներ արձագանքեցին, իսկ արձագանքներն էլ, ասվեց, մեծամասամբ քննադատական էին:

Կարելի է ասել՝ «չափորոշիչները» որոշակի առումով «փորձնական փուչիկի» դեր կատարեցին՝ հասարակության տրամադրությունները պարզելու առումով: Այն իմաստով, թե մեր հասարակությունը որքանո՞վ է պատրաստ պաշտպանել իր լեզուն, իր գրականությունը, իր ավանդական եկեղեցին, իր պատմամշակութային ժառանգությունը, մեծ հաշվով:

Տեսնելով, որ «չափորոշիչային» փորձարկումը կարող է հանդիպել ուժեղ ու հախուռն դիմադրության և վերաճել շատ ավելի լուրջ ու քաղաքական խնդրի, էքսպերիմենտատորները գործնականում պարզեցին այն, ինչ իրենց պետք էր, արեցին հետևություններ ու «հետքայլի» տպավորություն թողնող տարբերակն առաջ բերեցին: Մոտավորապես, թե՝ մի բորբոքվեք, չափորոշիչները դեռ մի երկու տարի հետո են կյանքի կոչվելու: Այսինքն, կրքերը բորբոքելուց հետո եկավ դրանց մարելու կամ մեղմելու հերթը:

Ակնարկային ենթատեքստն էլ այն է, որ չէ՜, ի՞նչ եք ասում, մենք մեր եկեղեցուն դեմ չենք... Տեսեք, այն օրը վարչապետ Փաշինյանն էլ երեխային էր տարել կնքելու:

Սա հետաքրքիր է այն տեսանկյունից, որ հետադարձ հայացքով դիտարկելով «չափորոշիչների» ու առհասարակ, ավանդական արժեքների դեմ հատկապես վերջին մի քանի ամիսներին ուժգնացած հարձակումները, որոնք կատարվում էին իշխանության տարբեր ներկայացուցիչների, իշխանության բաղկացուցիչ համարվող «սորոսական» շրջանակների կողմից, հնարավոր է, Փաշինյանի մերձավոր շրջապատը հանգել է այն հետևության, որ կոնկրետ ինքը հանրային վստահության հավելյալ կորուստ է ունենում այդ ամենի հետևանքով: Իսկ հանրային վստահությունը միակ բանն է, ինչի վրա հենված է նույն Փաշինյանի իշխանությունը:

Չնայած, մյուս կողմից, ծանոթանալով պայմաններին, որոնց մեջ ԿԳՍՄ-ն ուզում է սեպտեմբերի 15-ից դնել աշակերտներին և նրանց ուսուցիչներին, կարելի է վստահ ասել, որ ոչ մի «չափորոշիչ» էլ պետք չէ. մի քանի ամիս այդ տարբերակով եթե հանրակրթությունը կազմակերպվի, ապա դպրոցից թե՛ աշակերտների մեծամասնության, թե՛ ուսուցիչների հիասթափությունը երաշխավորված է: