Ամուլսարի նախարարը



Նիկոլ Փաշինյանի գլխավոր ձախողումներից մեկն Ամուլսարի ոսկու հանքն է։ Հարցն այն չէ, թե արդյոք պե՞տք է թույլատրվեր, թե՞ չթույլատրվել հանքի շահագործումը։ Հարցն այն է, որ «ժողովրդի» վարչապետը չի կարողանում որոշում կայացնել։ Ավելի ճիշտ՝ կայացնում է, բայց չի կարողանում կյանքի կոչել այդ որոշումը։

Նիկոլը վախենում է Ամուլսարից։ Ավելի ստույգ՝ հանքի ճանապարհը փակողներից։ Իսկ ավելի հստակ՝ ճանապարհը փակողների տիկնիկավարներից։

Ամուլսարում կիրառվեց հեղափոխական տեխնոլոգիան։ Ճանապարհներն ապօրինաբար փակվեցին։ Դա, անկախ ամեն ինչից, լուրջ հարված էր պետությանը, տնտեսությանը, ներդրումային միջավայրին և այլն։

Նիկոլը շատ լավ հասկանում է, որ խայտառակ է եղել Ջերմուկում և անընդունելի դարձել բոլոր կողմերի համար։ Թեև ինքը հակառակն էր ուզում։ Ուզում էր որպես պոպուլիստ դուր գալ բոլորին ու գտնել այնպիսի լուծում, որ կբավարարեր «Լիդիանի» ժողովրդին, հանքի ճանապարհը փակող ժողովրդին և այդ տարածքում ապրող ժողովրդին։ Չստացվեց։ Եվ չէր էլ կարող ստացվել, քանզի երբ ուզում ես բավարարել բոլորին, դառնում ես բոլորի աչքի գրողը և մնում մենակ։

Վերադառնանք վախի թեմային։

Նիկոլն ուզում է բացել հանքը, բայց վախենում է սորոսաթուրքական իր գործընկերներից։ Բանն այն է, որ թուրքական 5–րդ շարասյունը փայ է մտել «թավշյա» հեղափոխության մեջ։ Սրանք այն շրջանակներն են, որոնք հանդես են գալիս «քաղաքացիականի», «բնապահպանիստի» և այլ դիմակների ներքո։

Թուրքիան չի ցանկանում, որ Հայաստանում ոսկու հանք շահագործվի։ Հանք, որի արժեքը, ոսկու միջազգային ներկայիս գները հաշվի առնելով, տատանվում է 10 միլիարդ դոլարի շրջանակներում։ Հանքի շահագործումը կնշանակեր աշխատատեղեր, հարկեր։ Դա էլ իր հերթին կնշանակեր բանակի վերազինում և այլն։ Թուրքիան, բնականաբար, շահագրգռված չէ, որ Հայաստանի բանակի թիկունքի վիճակը լավանա։ Դա է պատճառը, որ թուրքական 5–րդ շարասյունն անցել է գործի։

Նիկոլը՝ որպես վարչապետ, հասկանում է, որ իր սորոսաթուրքական գործընկերները իրեն «քաշում» են, բայց քանի որ վախենում է՝ իր դեմ սկսեն աշխատել, չի կարողանում սեփական որոշումը կյանքի կոչել։ Տավուշյան մարտերը, սակայն, թուլացրել են թուրքական 5–րդ շարասյան դիրքերը կառավարությունում։ Դատելով ամենից՝ Նիկոլը որոշել է պահը որսալ ու բացել Ամուլսարի հանքը։ Սեռական օրգանների հետ կապված մականուն ունեցող նախկին մարզպես Ռոմանոս Պետրոսյանը, թերևս, հանքի հարցը լուծելու համար է նախարար նշանակվել։ Որպես «Մատրոսով»։

Բնապահպանության նախկին նախարարը չէր ուզում Նիկոլի համար քավության նոխազի դեր կատարել և «սութի բնապահպանիստ» էր խաղում։

Ռոմանոսը, պատկերավոր ասած, Նիկոլի գրպանի շունիկն է, և եթե նրան քսի տան հանքի ուղղությամբ, ապա նա դա կանի։ Ոչ թե որ գործից հասկանում է, այլ որովհետև իր նման անդեմ էակից Նիկոլը սարքել է մարզպետ, իսկ հիմա արդեն՝ նախարար։

Եթե նեղճակատ Ռոմանոսին հաջողվի Ամուլսարի հանքը շահագործելու որոշումը գլուխ բերել, ապա կարելի է ասել, որ «թավշյա» իշխանությունը գոնե մի բան կարողանում է անել։ Համ էլ պարզ կդառնա, թե Ռոմանոսն արժանի՞ է իր մականվանը, թե՞ ոչ։

Հայկ Ուսուն