ԱՄՀ-ն արդեն ստացել է աղքատ երկրներից պարտքերի մասով ծրագրին մասնակցելու համար դիմումների կեսից ավելի


Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն ստացել է դիմումների ավելի քան կեսը չափանիշներին համապատասխանող աղքատ երկրներից՝ պարտքերի վճարումների կասեցման նախաձեռնությանը մասնակցելու համար: Այս մասին լրագրողներին ճեպազրույցում հայտարարել է Ջերի Ռայսի հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ներկայումս 41 երկիր է պաշտոնական դիմում ներկայացրել պարտքերի վճարումների դադարեցման նախաձեռնության շրջանակներում: Սա պոտենցիալ 73 երկրի կեսից ավելին է, որոնք համապատասխանում են պարտքերի վճարումների դադարեցման այս նախաձեռնությանը մասնակցելու չափանիշներին»,- ասել է նա:

Ռայսը նաեւ ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ, հիմնադրամը համավարակի սկզբից ի վեր արտակարգ ֆինանսավորման գծով ֆինանսական օգնություն է ուղարկել 72 երկրի: Այս օգնության ընդհանուր գումարը 25 միլիարդ դոլար է կազմեկ: «Այս ֆինանսավորումը տրամադրվում է առանց ԱՄՀ-ի կողմից ավանդական պայմանների»,- ասել է նա:

«Մենք նաեւ պարտքային բեռի շտապ թեթեւացում ենք տրամադրել բոլոր ամենաաղքատ 29 անդամ երկրներին»,- հավելել է հիմնադրամի ներկայացուցիչը։ Այս նպատակների համար, ըստ նրա, ԱՄՀ-ն մոտ 251 միլիոն դոլար է հատկացրել: