ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը հանդիպել է «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» ծ.գ․ժ․պ․Ռուիզ Կլարկի հետ:

ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը հանդիպել է «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» ծրագրի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուիզ Կլարկի հետ:

Հանդիպման ընթացքում Ռուիզ Կլարկն ու Լուսինե Ղարախանյանը քննարկել են հետպատերազմական Արցախում կրթական դաշտի խնդիրներն ու դրանց լուծմանը միտված համագործակցության ծրագրերը: «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն»-ն սկիզբ է դրել նոր նախաձեռնության. այն կոչվում է «Դասավանդի՛ր առ Հույս», որն Արցախից տեղահանված աշակերտներին այս ծանր օրերին կրթական աջակցություն ցուցաբերելու նպատակ ունի:

«Դասավանդի՛ր առ Հույս» նախաձեռնության շնորհիվ արդեն իսկ ձեռք են բերվել 400 թաբլեթներ՝ ներբեռնված ժամանակակից ուսումնական նյութերով, որոնք կտրամադրվեն տեղահանված արցախցի աշակերտներին: Ինչպես պատերազմի ընթացքում , այնպես էլ հիմա «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն»-ի ուսուցիչները՝ իրենց առաքելությանը հավատարիմ, շարունակում են առցանց աշխատել արցախցի աշակերտների հետ: Հետպատերազմական շրջանում, բնականաբար, կրթական դաշտի հիմնախնդիրները շատ են ու բազմաբնույթ, դրանց հաղթահարմանն ուղղված յուրաքանչյուրի ներդրումը կարևոր է: Ողջունելով հերթական նախաձեռնությունը ՝ Ղարախանյանն արժևորել է «Դասավանդիր»-ի հավաքական փորձը, նվիրումը, ճկունությունը, սովորելու տենչը և բառի լավ իմաստով՝ գերազանցության ձգտումը: ««Դասավանդի՛ր, Հայաստա՛ն»-ը միշտ օգնում է կրթական երազանքների իրագործմանը: Այս անգամ այն կօգնի արցախցի աշակերտներին և ուսուցիչներին՝ վերագտնելու կորսված հավատն առ ապագա»,- նշել է նախարարը՝ երախտագիտություն հայտնելով Ռուիզ Կլարկին համագործակցության և աջակցության համար: