«Ալրաղացի Լյովիկի» վերաբերյալ գործը պետք է քննվեր ՀՔԾ-ում. կալանավորման որոշման դեմ էլ բողոք է...



ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Աշոտ Սարգսյանը։

Նա նշեց, որ Լեւոն Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. «Մեղադրանքը խելքին մոտ պիտի լինի, որ ընդունի»։

Պաշտպանի խոսքով՝ քրեական գործը հարուցվել է Քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով. «Օրինակ՝ Լեւոն Սարգսյանի գործը պետք է քննվեր ոչ թե ԱԱԾ-ում, այլ ՀՔԾ-ում»։

Նշենք, որ Լեւոն Սարգսյանը հետախուզվում էր 2018 թվականի հոկտեմբեր ամսից. Ռուսաստանից արտահանձնվել է Հայաստան օգոստոսի 6-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության եւ ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանի բնակիչ 51-ամյա Լեւոն Հրաչյայի Սարգսյանը:

Նա 2018-ի հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի եւ 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նշենք, որ նա ԱԺ նախկին պատգամավոր է, պատգամավոր է եղել 1999-2007 թվականներին: Լեւոն Սարգսյանը հայտնի է Ալրաղացի Լյով մականունով:

Նշենք, որ Լեւոն Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային ավավազակային հարձակումը պատվիրելու մեջ։