Ալվինա Գյուլումյանն ընդդեմ «Հայկական ժամանակի»-ի գործով նոր քննություն կիրականացվի



ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանն արդեն երկու տարի է, ինչ պահանջում է «Հայկական ժամանակ» օրաթերթից հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները։ Մասնավորապես՝ խոսքը գնում է «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված «ՍԴ-ն մնացել է առանց փոխնախագահի» վերտառությամբ հրապարակման մասին, որտեղ հեղինակը նշել էր. «Մեզ հայտնի դարձավ, որ Հրայր Թովմասյանը ցանկանում է այդ պաշտոնում տեսնել իր զինակից, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին: Խոսքը նույն Ալվինա Գյուլումյանի մասին է, որի՝ ՄԻԵԴ-ում որպես դատավոր Հայաստանը ներկայացնելու ժամանակ կայացվեց Դողու Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության ենթարկելու գործով հայտնի դատավճիռը: Ավելին՝ ըստ մեր տեղեկությունների, Գյուլումյանն իր՝ ՍԴ փոխնախագահ դառնալու ամբիցիան մոտիվացրել է նաեւ այն հանգամանքով, որ երբ ՄԻԵԴ-ում որպես դատավոր ներկայացնում էր Հայաստանը՝ ջանք չի խնայել, որպեսզի «Մարտի 1»-ի իրադարձություններով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած գործերից մեկի քննարկումը հետաձգվի»։ 

Դեռեւս 2018 թվականի օգոստոսին Ա.Գյուլումյանը պահանջել էր պարտավորեցնել պատասխանողին հերքել հոդվածում իր պատիվն ու արժանապատվությունը զրպարտող եւ արատավորող տեղեկությունները, ինչպես նաև՝ պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ՝որպես պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, 2019թ դեկտեմբերիր 6-ին մերժել էր Ալվինա Գյուլումյանի հայցադիմումը ՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով և հայցվոր կողմից հօգուտ պատասխանողի բռնագանձել է 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար։ Հայցվոր կողմը Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ 2020թ ապրիլի 15-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել էր բողոքը՝ բեկանելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ այն մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանին, որն այն արդեն վարույթ է ընդունել եւ նախնական դատական նիստի օր նշանակել սեպտեմբերի 16-ին։

Աղբյուր` Փաստինֆո