«ԱԺ պատգամավորները կարող են խորհել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ նախագահը պատրաստ է...168.am


«Ունենք իրավիճակ, երբ Հանրապետության նախագահը Սահմանադրության փոփոխությունների հետ կապված նախագիծը ստորագրեց: Ստորագրեց նաև ընդունված օրենքները ստորագրելու իր լիազորություններից իրեն զրկելու նախագիծը: Բայց չստորագրեց վերջին փոփոխությունների նախագիծը, այսինքն՝ փաստացի այս փոփոխությունները նաև այդ ֆիլտրով չեն անցել»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ շատ մտահոգված է այն հանգամանքով, որ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահն ու իմքայլական իրավաբան պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հայտարարել են, թե այդ մասին իրենց հուշեն ՀՀ նախագահի աշխատակազմից:

Սահմանադրագետը նշում է, որ ՀՀ նախագահը չի կարող հուշումներ կամ ուղղորդումներ տալ որևէ մարմնի:

«Հանրապետության նախագահը ցանկացած օրենսդրական ակտի վերաբերյալ, ի վերջո, կարող է ստորագրել կամ դիմել ՍԴ: Եթե ի սկզբանե նման հուշումներ լինեն, ՀՀ նախագահը փաստացի զրկում է իրեն պատշաճ կերպով այդ լիազորության իրացումից: 2015թ. սահմանադրական փոփոխությունների նախագծի հիմնավորումներում շատ հստակ գրված է, որ ՀՀ նախագահը հանդես է գալիս անկախ արբիտրի դերում և ոչ մի կողմ չի ներկայացնում: Եթե նախագահը ինչ-որ կողմի հուշումներ տա, դրանով ինքը զրկվում է իր՝ անկախ արբիտր լինելու հնարավորությունից»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ ԱԺ-ն չի կարող լինել մի մարմին, որը ոչ մեկի կողմից չզսպվի և չհակակշռվի:

«Իրավիճակն այն է, որ վերջին օրենքի հետ կապված՝ նախագահը հայտարարեց, որ չի ստորագրելու այն: Եթե նա 21-օրյա ժամկետում ոչ ստորագրում է, ոչ դիմում է ՍԴ, Սահմանադրության տրամաբանության մեջ դա իրենից ենթադրում է անգործություն»,- ասաց սահմանադրագետը՝ հավելելով, որ դրան պետք է հետևի ԱԺ նախագահի կողմից հնգօրյա ժամկետում ստորագրումը:

Ըստ նրա՝ իրավական աբսուրդ կլինի, եթե իշխանությունները նախագահի հայտարարությունը որպես հիմք ընդունեն ու ասեն, որ էլ պետք չէ սպասել 21 օր:

«Նախագահի հայտարարությունը ենթադրում է մի բան՝ նա իր երկու գործառույթներից մեկը չի անելու: Բա երկրո՞րդը… ՍԴ դիմելու մասով: Ես նորից եմ ուզում ընդգծել. Եթե չի ստորագրում նախագահը, ուրեմն սահմանադրականության խնդիր է տեսել, եթե նման խնդիր է տեսել, պետք է դիմի ՍԴ»,- նշեց Արամ Վարդևանյանը:

Սահմանադրագետի խոսքով՝ առնվազն ԱԺ պատգամավորները կարող են խորհել, թե այդ ինչո՞վ է պայմանավորված, որ նախագահը պատրաստ է հրաժարվել իր լիազորությունից, բայց չստորագրել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, պատրաստ է մի քանի ժամվա մեջ հայտարարել, որ չի ստորագրելու, չի ուզում այս «սահմանադրական փոփոխությունների» գործընթացի հետ որևէ առնչություն ունենալ:

«Ինչո՞ւ է այդպես: Կարո՞ղ է ամեն դեպքում այն, որ ներկայացվում է՝ սա կարող է քրեաիրավական տիրույթի խնդիր դառնալ, միգուցե առնվազն խորհելու տեղիք պետք է տա: Եթե մարդը գիտակցաբար, ընկալելով ու հասկանալով, որ ՍԴ դիմում չներկայացնելը չի կարող լինել սահմանադրական, ու դա խախտում է, տապալում է, իսկ ԱԺ-ն ՍԴ-ին գործընթացներից դուրս մղելով՝ յուրացրեց նրա գործառույթները, դրան գնահատական պետք է տրվի: Եվ նախագահը իրեն ամեն կերպ զերծ է պահում այս գործընթացից»,- նշեց սահմանադրագետը:

Խոսելով «սահմանադրական կարգի տապալում» և «իշխանության յուրացում» եզրույթների տարբերության մասին՝ Արամ Վարդևանյանն ասաց, որ վերջինս ավելի հստակ է ձևակերպված, իսկ «սահմանադրական կարգի տապալում»-ն ունի որոշակիության խնդիր:

«Իշխանության յուրացման հանցակազմն ավելի հստակ է: Օրինակ՝ այնտեղ հենց բառացի գրված է՝ բռնությամբ կամ օրենքով արգելված այլ եղանակով ՍԴ լիազորություններին տիրանալը: Օրենքով արգելված եղանակ է Սահմանադրության փոփոխություններ անել՝ առանց ՍԴ դիրքորոշումը պարզելու: Եվ փաստացի, եթե դու դա անում ես, ասում ես՝ ես ՍԴ-ի տեղն էլ եմ պատասխան տալիս: Ո՞նց են դրա տակից դուրս գալու: Նույնիսկ Վենետիկի հանձնաժողովն ասաց, որ շահերի բախում չկա»,- ասաց սահմանադրագետը:

Հարցին, թե առաջիկա 21 օրերի ընթացքում, քանի դեռ Նախագահը չի ստորագրել կամ դիմել ՍԴ, ՍԴ դատավորները կարո՞ղ են գնալ աշխատանքի, նրանք դեռ ՍԴ դատավորնե՞ր են, Արամ Վարդևանյանը պատասխանեց՝ միանշանակ:

«Ես նույնիսկ գտնում եմ, որ իրենք պարտավոր են կատարել իրենց՝ Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները»,- նկատեց սահմանդրագետը։