Ադրբեջանցիների խնդիրն է տարածել այն գաղափարը, թե հայերը վտանգավոր են ոչ միայն ադրբեջանցիների,...



Տասնամյակներ շարունակ դաստիարակվում է մի սերունդ, որը հայությանը և՛ պատկերացնում է, և՛ ուզում է աշխարհին ներկայացնել որպես մարդկության թշնամի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով վերջին օրերին տարբեր երկրներում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցող ընդհարումներին։

Լարիսա Ալավերդյանը նկատեց՝ Ադրբեջանի իշխանությունների առջև դրված խնդիրը ոչ թե զուտ հայերին տարածաշրջանից դուրս հանելն է, այլ աշխարհում, ընդ որում իրենց հասու վայրերում, տարածել այն գաղափարը, որ հայերը վտանգավոր են ոչ միայն ադրբեջանցիների, այլ ամբողջ աշխարհի ժողովուրդների համար. «Ապրիլյանից հետո Ադրբեջանի կողմից այս աշխատանքն ամբողջ աշխարհով ոչ թե կրկնապատկվել, այլ տասնապատկվել է։ Ամեն անգամ մեզ հիշեցնում են, որ առանձին-առանձին այդ դեպքերը ոչ թե հենց այնպես դրվագներ են, այլ շարունակական բնույթ կրող և նպատակային հստակ քաղաքականություն է, ուղղակի մարտավարությունն այս կամ այն առումով փոխվում է և ինչպես տեսնում ենք հիմնականում ինտենսիվացվում է»,-ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ դա ոչ թե իր տեսակի մեջ է մեզ համար նորություն, այլ իր ծավալների մեջ, ինչը խոսում է ադրբեջանական կողմի կիրառած բազմապիսի մեթոդների մասին, որոնց համար նրանք որևէ գումար չեն խնայում։

«Երկու տարի անընդմեջ կրկնել եմ, որ բառապաշարը, հռետորաբանությունը զուտ խոսքեր չեն։ Դա հենց այն ձևն է և այն գործիքն է, որով արտահայտվում է պետության քաղաքականությունը։ Վերջին երկու տարիների ընթացքում իշխանական բանախոսների խոսքը վերին աստիճանի կրավորական է, և դա նոր հույսեր է ներշնչել։ Թե հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից ճիշտ չէ արտահայտվել գաղափարը, թե ճիշտ չէ հասկացվել, բայց այն անորոշությունը, որը պարունակվում է այդ ավելի քան տարօրինակ բանաձևերի մեջ, պետք է հստակեցնենք։ Այդպիսի կրավորական ձևակերպումները կամ բառապաշարը կարող է սին, բայց հույսեր է ներշնչում, իսկ դա ադրբեջանցիների համար նոր խթան է, ավելի ու ավելի ուժեղացնել իրենց հակահայկական, իսկ իրականում ռասիստական քաղաքականությունը։ Երբևիցե լսե՞լ եք, որ որևէ անգամ Հայաստանը որևէ հարթակում հարցը բարձրացնի այդ ձևակերպմամբ՝ Ադրբեջանի ռասիստական քաղաքականությունը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։

Վերջինս համոզված է, որ ամբողջովին սխալ է այն քաղաքականությունը, որն իշխանական թիմի կողմից արտահայտվում է ավելի քան տարօրինակ բանաձևերով։

Հարցին՝ կարծում է, եթե մեր հռետորաբանությունն այլ լիներ, հնարավոր է հայատյացությունը նման մակարդակի չլիներ, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այս աստիճանի չէր հասնի, որովհետև Ադրբեջանի նկատմամբ կընդունվեին տարբեր բանաձևեր։ Նրա կարծիքով դրանք պետք է դառնային ամենակարևոր հարթակներում քաղաքական օրակարգի հարց և պետք է ավարտվեին պարզ բանաձևերով, որոնք ամբողջովին մերժում են ռասիզմը միջազգային հարաբերությունների մեջ. «Մեր հռետորաբանություն պետք է լինի պարզ, իրավական հիմնավորված։ Վերջապես որևէ անգամ կլինի՞, որ մեր իշխանությունները հստակեցնեն, որ պահանջում են՝ մշտադիտարկումը տարածաշրջանի սահմաններին լինի վերջապես։ Այստեղ պահանջվում է Հայաստանի պահանջատիրությունը, հետևողական աշխատանքը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո