Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի խախտումը դեպի խաղաղություն տանող ճանապարհ չէ. իտալացի սենատոր



Իտալացի սենատոր Ալդո Դի Բիաջոն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը:

Նա հայտարարել է. «Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումը դեպի խաղաղություն տանող ճանապարհ չէ. վստահություն չէ ԵԱՀԿ-ի հանդեպ»:

Սենատորը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել են, որ այս փուլում անհրաժեշտ է զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ հրադադարի ռեժիմի տեւական պահպանման ուղղությամբ աշխատելու համար:

«Ռազմական էսկալացիան համակեցության եւ մտադրությունների համընկնման ցանկացած ձեւի թշնամին է, առավել եւս` այնպիսի պահին, երբ մի կողմից ականատես ենք լինում հեռատեսական քաղաքական լուծումների, ինչպես, օրինակ, վերջերս Հյուսիսային Մակեդոնիայի անվան ճանաչումը, իսկ մյուս կողմից՝ համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակն է, որը պետք է որ բոլորին վերադարձներ խելամտության դաշտ:

Հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պետք են դիվանագիտական լուծումներ, այլ ոչ թե փախուստ դեպի առաջ: Այդ իսկ պատճառով բոլոր եվրոպական եւ ոչ եվրոպական հաստատությունները բարոյական պարտավորություն ունեն խուսափել բախումներից եւ հակադրություններից՝ առանց մոռանալու այդ փոքրիկ հողակտորի ռազմավարական նշանակությունը, որը նավթատարների եւ ներգրավված տարբեր խաղացողների հավասարակշռությունների եւ ռազամավարությունների տարանցման վայր է»,-հայտարարել է նա: