Ադրբեջանի ԱԳՆ-ն ՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից վիզաներից ազատվելու հարցի մասին


Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների փոխայցելությունների և առանց վիզայի ռեժիմի հարցերի քննարկման համար նախ անհրաժեշտ է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան` մեկնաբանելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքէջի տեղեկատվության քննարկումը, ըստ որի Ադրբեջանն այն երկրների ցանկում է, որոնց հետ Հայաստանը փոխադարձ առանց վիզայի ռեժիմ ունի, նշում է Turan-ը: «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ է փոխադարձաբար ճանաչել և հարգել ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը»,- ասել է Աբդուլաևան՝ հավելելով , որ ներկայումս չկա երկու երկրների միջև փոխադարձ այցելությունները կարգավորող միջազգային պայմանագիր: «Ուստի այս փուլում անհիմն է խոսել փոխադարձության հիմքով վիզաներից ազատվելու մասին»,-ամփոփել է Աբդուլաևան: