«ԱԱԾ-Ն ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԵՐՈՎ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԻ» iravunk.am



«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` «Բեւեռների միացում» ազգային ՀԿ հիմնադիր-ղեկավար ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ օրերս ինքնակամ գնացել էր ԱԱԾ: Խնդիրն այն է, որ «Բեւեռների միացում» նորաբաց ՀԿ-ի գրասենյակը, կարծես թե, հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում: Տեղի ունեցածի մասին մանրամասները փորձեցինք պարզել հենց Ա. Վարդանյանից: Ինձ տեղեկացրին, որ որոշ մարդիկ ԱԱԾ-ի անվան տակ եկել են ու նկարահանել մեր գրասենյակի տարածքը, հարցուփորձ են արել շրջակա խանութների տերերին եւ մարդկանց, ովքեր ապրում են հարակից շենքերում, ժամերով մնացել են եւ արձանագրել, թե ովքեր են գալիս, ովքեր են անցնում այդ փողոցով: Մասնավորապես` հարցրել են, թե ովքեր են այստեղ իրականացնում «հականիկոլական» գործունեություն, տեսե՞լ եք «հականիկոլական» որեւէ անձի, ինչո՞ւ է գրասենյակի պատշգամբից դրոշ կախված, ի՞նչ իրավունքով... ԱԱԾ-ում ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին: Իմ անունից գրավոր հարցում ներկայացրի, որպեսզի պարզաբանում ստանամ անմիջապես ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանից: Հարցումս ուղղված է անձամբ իրեն, թե ինչ էին փնտրում` հարցուփորձ անելով հասարակ քաղաքացիներին: Մարդկանց անգամ հարցրել են, թե այստեղ սոցցանցերում «հականիկոլական ֆեյքեր» ունեցող մարդիկ կա՞ն, թե` ոչ: Սա հատկապես զավեշտալի է, որովհետեւ գրասենյակում նույնիսկ համակարգիչ չունենք, թուղթ ու գրիչով ենք աշխատում: Մենք մեկ ամիս է, ինչ գործունեություն ենք իրականացնում, ինձ համար շատ տարօրինակ է, որ այսօր մեր Ազգային անվտանգությունն ավելի կարեւոր գործերը թողած` մեր կազմակերպությունով է զբաղվում: Կարծում եմ` ավելի լուրջ գործերով պետք է զբաղվել, որը վերաբերում է մեր ազգային անվտանգությանը: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ